9346 բռնագաղթածի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, իսկ հաշմանդամները, անչափահասները և թոշակառուները 30 հազ դր. կստանան մինչև տարեվերջ
Իրավունք
12:35 03/07/2025
ԼՂՀ

9346 բռնագաղթածի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, իսկ հաշմանդամները, անչափահասները և թոշակառուները 30 հազ դր. կստանան մինչև տարեվերջ

«Արդեն իսկ հանրապետության նախագահի հրամանագրով 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ընդ որում՝ չունենք մերժումներ»,-կառավարության նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը:

Նա վստահեցրեց, որ վերջին ժամանակահատվածում բավական ինտենսիվացել են դիմումները:

«Եթե դիմումներն ընդհանուր նայենք, 10 961 դիմում այս պահի դրությամբ ունենք, ընդ որում, ի տարբերություն այլ անձանց, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների դեպքում մենք չորսուկես ամսվա փոխարեն շուրջ 1 ամսում ամփոփում ենք ամբողջ աշխատանքները և ներկայացնում»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, դիմումներն ընդունվում են նաև շրջիկ սպասարկման գրասենյակներում, օրինակ, Չարենցավանում:

«Ասեմ, որ ծնողների քաղաքացիության ուժով նաև 4400 անչափահաս արդեն իսկ անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով»,-հայտարարեց ՆԳ նախարարը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, թե ապրիլ ամսից պետք է վերանայեին, և բռնագաղթածներին ավելի թիրախային և հասցեական աջակցության մեխանիզմին անցնեին, բայց որոշակիորեն հետաձգեցին ևս երկու ամսով:

«40 հազարական դրամներ ամենամսյա վարձակալության աջակցության ծրագիրը նաև ապրիլ և մայիս ամիսների համար շարունակվեց, հունիսից մեր նոր կարգավորումն է մտել ուժի մեջ»,-նշեց Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ այժմ աջակցության շահառուները անչափահասներն են, կենսաթոշակային տարիքի անձինք և հաշմանդամները:

«Հունիսին կստանան 40 հազար դրամ, արդեն հուլիս ամսից բոլորի համար 30 հազար դրամ կլինի մինչև տարեվերջ: Այսինքն՝ մենք կշարունակենք մինչև տարեվերջ 30-հազարական աջակցությունը անչափահասների, հաշմանդամների և կենսաթոշակային տարիքի անձանց համար»,-ասաց փոխվարչապետը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
9346 բռնագաղթածի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, իսկ հաշմանդամները, անչափահասները և թոշակառուները 30 հազ դր. կստանան մինչև տարեվերջ