Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը կալանավորվել է
Իրավունք
16:56 04/07/2025
Հայաստան

Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել  են ոսկյա զարդեր և գումար, որից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:

ՔԿ փոխանցմամբ, Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ազատության մեջ գտնվող Գ.Մ.-ին հայտնաբերելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է։

«Հիշեցնենք, որ ավելի վաղ Տ.Ու-ի փաստաբան Ռ.Ե.-ն հավաք էր կազմակերպել ի պաշտպանություն իր պաշտպանյալի՝ ներկայացնելով, թե իբր Տ.Ու-ն հանիրավի էր կասկածվում ավազակային հարձակում կատարելու մեջ»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ Ուլուբաբյանի փաստաբանն արցախցի Ռոման Երիցյանն է։ ՔԿ-ն հաղորդագրությունը տարածելիս հաշվի չի էլ առել, որ այսօր Երիցյանի հոր հոգեհանգիստն է։

Փաստաբանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Ծանր սրտով հայտնում եմ, որ այսօր կեսօրին հայրս հանկարծամահ է եղել։ Իմ սրբություն, իմ հոգատար, բարի, իմաստուն ու ուժեղ հայրիկ՝ առանց քեզ ու քո ներկայության կյանքս չեմ պատկերացնում։ Հիմա եմ հասկանում, որ դու ինձ համար ամեն ինչ էիր։ Քո ուժն ու սերն ամեն քայլիս ինձ ուղեկցում էին։ Քո բացակայությամբ աշխարհը լուռ ու ցուրտ է դարձել։ Լույսերի մեջ մնաս, պապ ջան։ Դու միշտ իմ սրտում ես ապրելու։

Լրացում։ Հորս հոգեհանգիստը կլինի հուլիսի 04-ին՝ ժամը 17:00-20:00, «Զոլեր» սգո սրահում (հասցե՝ Գրիգոր Հասրաթյան փողոց, 25/3): Հուղարկավորությունը՝ նույն վայրից, հուլիսի 05-ին՝ ժամը 13:00»։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder