Ա. Վանեցյան. ԱԱԾ-ն վարչապետի հանձնարարականով կամ ցանկությամբ չի կարող հետևել այս կամ այն անձի, առավել ևս եղեկեցականի
Քաղաքական
12:07 05/07/2025
Հայաստան

Ա. Վանեցյան. ԱԱԾ-ն վարչապետի հանձնարարականով կամ ցանկությամբ չի կարող հետևել այս կամ այն անձի, առավել ևս եղեկեցականի

«Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելը մեկ բառով կարելի  բնութագրել. աբսուրդ»,-«Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Մարդը հարցազրույց է տալիս, որտեղ որևէ  հանցավոր արարք չկա, իշխանություն զավթելու կոչ չկա, բայց մարդուն  մեղադրանք են առաջադրում ու տանում կալանքի։ Ինչ վերաբերում է Սրբազաններին կալանավորելուն, ես սա դիտարկում եմ եկեղեցու վրա հարձակումների շրջանում։ Մենք տեսնում ենք, որ իշխանություններն ամենօրյա ռեժիմով փորձում են վարկաբեկել եկեղեցին ու հանրային ընկալում ստեղծել, իբր եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, փորձում է իշխանություն զավթել։ Ցավոք, սրտի, եկեղեցին չի մտնում պայքարի մեջ, մենք տեսնում ենք, որ եկեղեցին ամեն կերպ խուսափում է մտնել քաղաքական պայքարի մեջ»,-ասաց նա։

Ա. Վանեցյանի կարծիքով, ստեղծված իրավիճակում եկեղեցին կարող էր ավելի ակտիվ լինել, իր խոսքն ավելի բարձր ասել, բայց եկեղեցու տեսանկյունից, երբ խոսում ես Սրբազանների, հոգևորականների հետ, հասկանում ես, որ նրանք խուսափում են քաղաքական պրոցեսներ գեներացնելուց։

«Իշխանությունները պետք է իրենց հաշվետվություն տան, թե ինչ են անում։ 2018-ին թե Բագրատ Սրբազանը, թե Միքայել Սրբազանն աջակցում էին հեղափոխությանը։ Հիմա իշխանությունը պայքարում է իր իշխանության համար, ցանկացած ոք, որ կարող է խոսել իրենց դեմ, փորձում են վարկաբեկել»,-նշեց Ա. Վանեցյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների առկայությունը Մայր Աթոռում հունիսի 27-ին, ծառայության նախկին տնօրենն ասաց՝ խախտում է, քանի որ ԱԱԾ հատուկ ստորաբաժանումն այլ նպատակ ունի, առհասարակ չպետք է մասնակցեր այդ գործողությանը։

«Խայտառակ տեսարան էր, որ մենք տեսանք Մայր Աթոռում։ Ամենավատ երազում չէինք կարող տեսնել, որ հոգևորականները փորձում էին պաշտպանել Վեհարանը, Հայ առաքելական եկեղեցու Սրբազանին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներից։ Ասել եմ և շարունակելու եմ պնդել, քանի կա Նիկոլ Փաշինյանը, մնացած բոլոր պաշտոնյաները՝ իրավապահ համակարգի, թե մյուս բլոկների առաջին դեմքերը... դեմքներին կպցնում ենք Նիկոլ Փաշինյանի դիմակը ու նրանց նայում այդ տեսակետից»,-համոզմունք հայտնեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Նա անլուրջ է որակում Փաշինյանի հայտարարությունը, որը հոգևորականների մասին տեեկություններ է ստանում ԱԱԾ-ից։

«Ես նման բան չեմ լսել, բայց եթե ասել է, ապա դրանով պետք է զբաղվի դատախազությունը։ Ի՞նչ իրավունքով, ի՞նչ հիմքով են ԱԱԾ աշխատակիցները հետևում մեր հոգևորականներին։ Մենք ապրում ենք ժողովրդավարակա՞ն, թե՞ բռնապետական երկրում։ Այդ հարցի պատասխանը պետք է տանք, չի կարող ԱԱԾ-ն վարչապետի հանձնարարականով կամ ցանկությամբ հետևել այս կամ այն անձի, առավել ևս եղեկեցականի»,-շեշտեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Վանեցյանի խոսքով, այս իշխանությունների կատարած քայլերը կարող են հիմք տալ՝ ենթադրելու, որ իշխանություններն ուղղորդվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։

«Բայց փաստ, որ ես տիրապետում եմ կամ տիրապետել եմ իմ ծառայության ժամանակ, չունեմ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder