Սրբազաններին կալանավորած Մասիս Մելքոնյանն իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթում դատարանի ինքնուրույնության և անկախության ռիսկեր է տեսնում
Իրավունք
20:29 07/07/2025
Հայաստան

Սրբազաններին կալանավորած Մասիս Մելքոնյանն իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթում դատարանի ինքնուրույնության և անկախության ռիսկեր է տեսնում

ԲԴԽ-ում այսօր ավարտվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը։ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Մասիս Մելքոնյանի նկատմամբ կարգապահական վարույթը, հիշեցնենք, հարուցվել է Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից։ Ըստ վարույթի՝ դատավորն իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօրվա նիստի ընթացքում վարույթ հարուցող մարմնի ներկայացուցիչ, դատավոր Արման Հովհաննիսյանը ներկայացրել է միջնորդության հիմքերը՝ արձանագրելով, որ խախտումներն էական հետևանքներ են ունեցել։ 

Ըստ միջնորդության՝ Մասիս Մելքոնյանը  մեղադրյալին զգուշացրել է սուտ ցուցմունք տալու համար նախատեսված պատասխանատվության մասին, սակայն չի պարզաբանվել իր լռելու իրավունքի մասին, դատավորը չի բացատրել վերջինիս ցուցմունք տալու հետ կապված օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև այդ ցուցմունքը որպես ապացույց օգտագործելու հնարավորության մասին գրավոր տեղեկացվելու իրավունքները։ Դատավորն իբրև փորձել է շտկել սխալը, սակայն հարցաքննությունն արդեն գրեթե ավարտված է եղել։ 

Հատկանշական է, որ Մելքոնյանի դեմ կարգապահական վարույթի հարուցումից հետո Մելքոնյանն անթույլատրելի ապացույց է ճանաչել մեղադրյալի հարցաքննությունը։ Հանձնաժողովի նախագահ, դատավոր Հովիկ Շահնազարյանը հայտնեց, որ  երբ Հանձնաժողովը բացատարություն է պահանջել, դատավորը դիմել է հանձնաժողովին՝ խնդրելով երկարաձգել բացատրություն ներկայացնելու ժամկետը՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ ուսումնասիրման կարիք կա։ 

«Հանձնաժողովը բավարարել է դատավորի այդ միջնորդությունը, և հետաձգման իր խնդրանքը ներկայացրել է մինչև ապրիլի 18-ը, դրանից հետո պարզվել է, որ ապրիլի 17-ին կայացվել է անթույլատրելի ճանաչելու որոշումը։ Հանձնաժողովն արձանագրել է, որ ոչ միայն այդ խախտումները վերացվել են վարույթ հարուցելուց հետո, այլև հենց դատավորի կողմից պահանջած լրացուցիչ ժամկետի ավարտից մեկ օր առաջ»,- ասաց Շահնազարյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder