44-օրյա պատերազմում զnhված Վաչագան Մանուկյանի ծննդյան օրն է
Հասարակություն
12:19 07/07/2025
Հայաստան

44-օրյա պատերազմում զnhված Վաչագան Մանուկյանի ծննդյան օրն է

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի ծննդյան օրն է։

«Արցախյան գոյամարտի հերոս, գրող, հրապարակախոս այս երիտասարդի լուսավոր կերպարը, նրա ստեղծագործությունները, անձնական օրինակը մեր երկրում մոլեգնող բռնատիրության խավարի մեջ հույսի դուռ են բացում, ճշմարիտ արժեքներ սերմանում։

Շնորհակալ ենք ծնողներին՝ Սիրանուշ Մանուկյանին և Խաչիկ Մանուկյանին՝  այս կատարյալ ստեղծագործության համար։

Վաչագանին երախտապարտ ենք առհավետ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մղած իր պայքարի ու հերոսացման համար։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում արդեն 4 տարի գործում է Վաչագան Մանուկյանի խնկելի հիշատակին նվիրված «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ հարգանքի և երախտագիտության կրթամրցանակներ» ծրագիրը։

Ֆակուլտետի լավագույն ուսանողներն ամեն տարի հնարավորություն են ստանում մասնակցելու պատվո այս մրցույթին և արժանանալու Վաչագանի անունը կրող կրթամրցանակին։

Հավերժ փառք մեր հերոսներին։

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Վաչագան»,- գրել է «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն,  «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» մրցանակի հիմնադիր Արմինե Պետրոսյանը։

Վաչագան Խաչիկի Մանուկյանը ծնվել է 1991 թ. Էջմիածին քաղաքում: Նա ծառայության ընթացքում պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Վաչագանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում:

 

Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ  որդու համար մեծագույն արժեք էր հայրենիքը, չէր պատկերացնում խոցված վիճակում տեսնել իր երկիրը։ Նա հավատում էր մարդու հավերժությանը, հավատում էր իր հայրենիքի հավերժությանը, հայրենիքի խորհրդով էր տեսնում իր շարունակությունը, լինելիությունը։

«Իսկապես, իր մեջ այդ անպարտելիությունը կար։ Նա աննահանջ էր, ամեն մեկի համար իր կյանքը պատրաստ էր տալու և  պատահական չէ, որ ասում է՝ կներեք, որ արյունս չհերիքեց բոլորիդ փրկել։ Նա այդպիսինն էր։ Ինձ առանց ցտեսություն ասելու գնաց։ Գնաց իր մեծ գաղափարի հետևից։ 

Բագրատ սրբազանը  հերոսներին նվիրված միջոցառումներում  հնչեցնում է  Վաչագանի խոսքերը. հղում է Աստծուն, ասում է՝  ինձ հնարավորություն տուր մի սխրանք գործեմ այստեղ, նոր գնամ։ Մարդիկ ինչ են ուզում սովորաբար՝ երկար տարիների կյանք, հաջողություն, իսկ Վաչագանի համար  գերագույնը՝ իր հայրենիքին ծառայելն էր»,- ասաց Խաչիկ Մանուկյանը։

Հայրը պատմել էր, որ վիրավոր զինվորներից մեկը Խաչիկ Մանուկյանին ասել էր, որ Վաչագանի հետ վերջին անգամ  նոյեմբերի 8-ին է խոսել...

Նոյեմբերի 17-ին Խաչիկ Մանուկյանն իմացել է որդու մահվան մասին... 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder