Հուսով ենք , որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը կպահպանվի. Միրզոյան
Քաղաքական
16:39 07/07/2025
Հայաստան

Հուսով ենք , որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը կպահպանվի. Միրզոյան

«Հայաստանն Իրանին սահմանակից, հարևան պետություն է, և մենք մեծապես մտահոգված էինք ու արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝  դատապարտելով միակողմանի ուժի կիրառումը՝ հարձակումը Իրանի վրա հենց առաջին օրը։ Ի դեպ, մեր դիրքորոշումը բավականին մոտ էր Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից ավելի ուշ արտահայտված մոտեցմանը։ Սա ոչ միայն մեր՝ Իրանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների հիմքով, այլև հաշվի առնելով հնարավոր սպառնալիքը, հնարավոր միջուկային աղտոտումը»,-ասել է ԱԳ նախարար Արարտ Միրզոյանը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում վերջին հակամարտության համատեքստում Չինաստանի դերը միջազգային դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման գործում։ 

Միրզոյանը նշել է, որ Հայաստանը  լրջորեն մտահոգված էր  Իսրայել-Իրան հակամարտությամբ։

«Հուսով ենք, որ հաստատված հրադադարը կպահպանվի, և բոլոր խնդիրները կլուծվեն դիվանագիտական ուղիներով, բանակցությունների միջոցով։ Մենք շահագրգռվածենք մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Որպես երկիր, որը բախվել է և պատերազմի ոչ շատ վաղ անցյալում, վերջին մի քանի տարիների ընթացքում, մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ ոչ միայն մեր սահմաններին, այլև  մյուս տարածաշրջաններում և  ավելի լայն աշխարհագրությամբ։ Եվ այս իմաստով, ինչպես մենք հասկանում ենք, մեր մոտեցումները շատ մոտ են ՉԺՀ մոտեցումներին։

Մենք ունենք խաղաղության օրակարգ, որը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է։ Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ։

Մենք համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։ Այժմ պատրաստ ենք ստորագրել և հետո վավերացնել այս խաղաղության համաձայնագիրը։ Մենք փորձում ենք  կարգավորել մեր հարաբերությունները նաև մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի հետ։

Այսպիսով, խաղաղությունն այն է, ինչին մենք իսկապես հավատում ենք։ Եվ կրկին, մեկ անգամ էլ ընդգծեմ, այդպես ենք  ընկալում նաև չինական մոտեցումը, ՉԺՀ քաղաքականությունը։ Եվ մենք հիշում ենք, և շնորհակալ ենք, որ Չինաստանը նույնպես ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնությունը, և աջակցում է խաղաղ բանակցություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Եթե ավելի լայն նայենք միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության խախտումը, միջազգային հարաբերություններում կանոնների բացակայությունը ոչ միայն ձեռնտու չեն ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև, ինչպես մենք հասկանում ենք, Չինաստանի համար և մարդկության համար, ընդհանուր առմամբ։ Եթե ընդհանուր և վերջնական նպատակն է միջազգային իրավունքի հաստատումը կամ վերականգնումը կամ ամրապնդումը, բազմաբևեռության ուժեղացումը, ապա մենք լիովին կիսում ենք այս մոտեցումը»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հուսով ենք , որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը կպահպանվի. Միրզոյան