Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, որը մինչ իշխանափոխությունը տևական ժամանակ իր տանն է թաքցրել հետախուզվող Նիկոլ Փաշինյանին, արձագանքել է իր ղեկավարծ ԶԼՄ-ի դեմ երկրի առաջնորդի դատական հայցին.
«Երեկ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան` ընդդեմ «Հրապարակի»: Հայցը դեռ չենք ստացել, բայց իմացա, որ մեր մի հրապարակման մեջ զրպարտություն է տեսել իր հասցեին եւ 1 միլիոն դրամ է պահանջում` այն հույսով, որ «Հայաստանում չկա դատավոր, որը կմերժի իր հայցը»: Արձանագրենք, որ սա ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի գործող ղեկավարն անձամբ դիմում է դատարան` լրատվամիջոցի դեմ: Նախկինները հասկանում էին, որ հավասար պայմաններում չեն կարող լինել ցանկացած ԶԼՄ-ի հետ եւ զերծ էին մնում չկայացած դատական համակարգի պայմաններում պյուռոսյան հաղթանակ արձանագրելու քայլից:
Բայց ասել, որ զարմացած եմ` ճիշտ չի լինի. մարդն իր վատ արարքների մեջ շատ հետեւողական է եւ բացարձակապես կորցրել է կապն իր պրոֆեսիայի հետ: Նորմալ է: 1999-ին Սերժ Սարգսյանն էր Փաշինյանի «Օրագրին» դատի տալիս, հիմա ինքը` «Հրապարակին»: Երեւի պարզ է, չէ՞, 17 տարվա ընթացքում ինչքան են «Հրապարակին» դատի տվել (80-90 տոկոսն ավարտվել է մեր հաղթանակով), ուստի մի դատ ավել, մի դատ պակաս` մեր կյանքում բան չի փոխվում: Հրապարակմանն էլ չեմ անդրադառնա, որովհետեւ հրապարակախոսական բնույթի, հարցադրումներ պարունակող հոդվածում միայն հիմար մարդը զրպարտություն կտեսնի:
Այս պատմության մեջ ինձ այլ բան է զարմացնում. ոչ բոլոր հայցվորներն են փող պահանջում ԶԼՄ-ներից, շատերն իրենց պատվից ցածր են համարում դա, որովհետեւ եթե քեզ տեղեկատվությունը հերքելն է հետաքրքրում, կարող ես դիմել դատարան, (չնայած նորմալ մարդիկ խուսափում են դրանից), բայց եթե ուզում ես լրատվամիջոցին վնաս պատճառել, ֆինանսական նեղ կացության մեջ դնել, փակել այն, այդ դեպքում նաեւ փողային պահանջ ես ներկայացնում: Այս մարդը որոշել է «Հրապարակին» վնաս պատճառել, դժվարացնել մեր գործունեությունը, երազում է, որ «Հրապարակը» փակվի:
Ես չեմ ուզում հիշեցնել, որ 1998-ին «Օրագիրը» սկսել է հրատարակվել իմ անձնական համակարգչի, պրինտերի ու սկաների միջոցով, որը ես անհատույց նվիրել եմ «Օրագրին» եւ չեմ էլ հաշվում, թե այդ ժամանակ ինչ արժեր այդ տեխնիկան: Ես չեմ ուզում հիշեցնել, որ երբ իր դեմ քրեական գործ էին հարուցել մի անստորագիր հրապարակման մեջ պաշտոնյային «դեգեներատ» անվանելու համար, ես` առանց իրեն տեղեկացնելու, գնացել եմ ոստիկանություն եւ դիմում գրել, որ հրապարակման հեղինակը ես եմ` ինձ դատեք: Չեմ ուզում հիշեցնել, որ երբ Մարտի 1-ի գիշերը փոշոտված ու հալածված մեր տան դուռը թակեց, ինչպես եմ առավոտ շուտ վազել խանութ` հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա: Չեմ հաշվում, թե ինչ ենք ծախսել իր կեցության վրա ընդհատակում գտնվելու, տեղից տեղ տեղափոխելու ... եւ հազարավոր այլ դեպքերում: Գիտեմ` ինքն էլ չի հաշվում, որովհետեւ «ծնվել է» 2018 թվականին, իսկ մինչ 2018-ը ապրած կյանքը ջնջել է: Ինչպես ես եմ ջնջել իր համար արածներս` 2018-ից առաջ, բուն 2018-ին եւ անգամ հետո: Արել եմ` գցել եմ ջուրը: Իմ` որպես ընկերոջ, որպես խմբագրի, որպես քաղաքացու պարտքն եմ համարել:
Ես միայն ուզում եմ ասել, որ ավելի մեծ վնաս, Նիկոլ, անձամբ ինձ պատճառել դու այլեւս չես կարող, որովհետեւ Արցախի կորուստը, մեր երեխեքի զոհվելը, մեր պետության այս գահավիժումը, մեզ ապագայից զրկելը, հանրային այս թշնամանքն ու պառակտումը եւ մյուս բոլոր աղետները, որ բերել ես այս 7 տարում, ոչ մի նյութական վնասի ու հայցապահանջի հետ հնարավոր չէ համեմատել»։
«Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն, Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան՝ պահանջելով «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձև՝www.hraparak․am կայքում և hraparak. ֆեյսբուքյան էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով տեղադրել հրապարակում և վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում՝ «Փաշինյանը դավաճանու՞մ Է արդյոք կնոջը» վերնագրով հոդվածում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների մասին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «06.06.2025թ.-ին www.hraparak.am կայքում մեր կողմից հրապարակվել է հոդված՝ «Փաշինյանը դավաճանում Է արդյոք կնոջը» վերնագրով։
«Հայտնում ենք, որ այդ հոդվածում հրապարակված տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չեն համապատասխանում իրականությանը»։ Հրապարակումը պետք է պահպանվի կայքում առանց ժամկետի սահմանափակման։ Հրապարակմանը այլ հրապարակումների համեմատ տալ կայքի, էջի, ալիքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ զրպարտող տեղեկություններ պարունակող Հոդվածն է: Հրապարակվող տեքստը չպետք է պարունակի Պատասխանողի որևիցե այլ մեկնաբանություն կամ գրառում, այլ միայն՝ վճռով նշված բուն հրապարակաման տեքստի բառացի շարադրանքը։, Պատասխանող «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ից հօգուտ Հայցվոր Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 1․000․000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս»,-ասված է հայցի մասին։
Հայցադիմումը ստացվել է հուլիսի 4-ին։ Նույն օրը այն մակագրվելէ դատավոր Նելլի Հարությունյանին։