Mantashyants Global Business Weekend 2025-ն ունեցել է 1200 մասնակից՝ 20 երկրների 30 քաղաքներից. Վահրամ Միրաքյան
Տնտեսություն
21:10 07/07/2025
Աշխարհ

Mantashyants Global Business Weekend 2025-ն ունեցել է 1200 մասնակից՝ 20 երկրների 30 քաղաքներից. Վահրամ Միրաքյան

Հուլիսի 5-ին Ծաղկաձորում անցկացվեց Mantashyants Global Business Weekend 2025-ը՝ «Մանթաշյանց» Գլոբալ Բիզնես Ֆորումի եզրափակիչ և առավել նեղ՝ ակումբականների համար նախատեսված հատվածը։ Միջոցառմանը մասնակցում են միայն ակումբի անդամները և «Մանթաշյանց» մասնաճյուղերի ներկայացուցիչները, ովքեր երկու օր շարունակ բանակցեցին, ներկայացրեցին ներդրումային նախագծեր, մասնակցեցին փակ քննարկումների և մշակութային երեկոներին։

Global Business Weekend-ին մասնակցող աշխարհի 20 քաղաքներից ավելի քան 400 գործարարներն ամփոփեցին ակումբի ընթացիկ ձեռքբերումները, ներկայացրեցին առաջիկա ծրագրերն ու ներդրումային նախագծերը և վստահության միջավայրում ձևավորեցին խորքային գործարար կապեր։

Բացման խոսքով հանդես եկավ ակումբի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը։ Նա ներկայացրեց «Մանթաշյանց» ներդրումային նախագծերը, 20 մասնաճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ Sales Camp Networking։ Տեղի  ունեցավ մրցանակաբաշխություն՝ ակումբի անդամների ու գործընկերների հատուկ գնահատմամբ։

Ֆորումի շրջանակներում պանելային քննարկում կազմակերպվեց ՀՀ Կառավարության և ՀՀ ԿԲ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Mantashyants Global Business Weekend արդեն 4-րդ անգամն ենք անում, որի հիմնական գաղափարն է ամբողջ աշխարհի մանթաշյանականներին հավաքել և միավորել Հայաստանում։ Այն ստացվում է և գնալով մեր աշխարհագրությունը մեծանում է։ Այս անգամ 20 երկրից են գործարարները մասնակցում։ Այս ֆորումի նորությունն այն է, որ ներդրումային ծրագրեր պետք է ներկայացվեն, և վստահ եմ, որ փնտրողները կգտնեն իրենց ներդրողներին և գործարքներ կլինեն։

Նախորդ տարի մի քանի օրերի ընթացքում,մոտ 20 մլն դոլարի ներդում եկավ Հայաստան և հույս ունեմ, որ այս տարի այդ թիվն ավելի մեծ կլինի։

Ֆորումի հիմնական գաղափարն այն է, որ ամբողջ աշխարհի հայ գործարարները հնարավորություն ունենան Հայաստանում մի քանի օր իրար հետ շփվելու։ Այս տարի մենք ունենք գործարար Ֆինլանդիայից և երբևէ այլ հնարավորություն չի լինի, որ Վանաձորի կամ Կապանի գործարարը շփվի Ֆինլադիայից գործարարի հետ։ Այստեղ լինելու է այդ հնարավորությունը, լինելու են Լոս Անջելեսից, Դուբայից, այլ քաղաքներից։

Այս ֆորումում, նախորդների համեմատ, մի քանի ռեկորդ ունենք։ Մեկ շաբաթվա ընթացքում մոտ 1200 մասնակից ունեցանք և նրանք 20 երկրների 30 քաղաքներից են։

Այս տարի մենք մեր ծրագրում ավելացրեցինք Կապանը և շատ գործարարներ այցելեցին հարավային քաղաք։ Այսինքը, այս տարի մի քանի հարցերում ավելի մեծ և մասշտաբային եղանք, քան նախորդ անգամներն էին և հուսամ՝ գործարքների թվում էլ այդ մեծությունն ու մասշտաբայնությունը կլինի, այսինքն այդ տեսանկյունից էլ ավելի շատ ներդրումնային պրոյեկտներ կիրականացվեն»,-լրագրողներին ասաց «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը։

Պատասխանելով ակումբի շրջանակում արդեն իսկ կատարված ներդրումների մասին հարցին՝ Միրաքյանն ասաց. «Նախորդ տարի Գլոբալ ֆորումի ժամանակ «Դալան տեխնոպարկը» մոտ 10 մլն դոլար ներդրում ներգրավեց մեր արտասահմանի մասնաճյուղերից։ Նախորդ տարի Լոռիմում սկսվեց «Նուռ»  հյուրանոցային համալիրի կառուցումը, որը լինելու է ամենամեծ հյուրանոցներից մեկը մարզում՝ Դսեղ գյուղում։ Ներդրումը հենց այս ֆորումի ընթացքում ապահովեց։ Եղել են նաև 1-2 մլն դոլարի համատեղ մի շարք այլ պրոյեկտներ։ Համատեղ ծրագրերի մասով մոտավորապես օրը 20 գործարք ակումբի ներսում տեղի է ունենում։

 Մեր խնդիրն է, որ հայ գործարարների համար ճանաչողական լինի նաև ամբողջ Հայաստանը, ոչ թե գան միայն Երևանում պտտվեն հետ գնան։ Այն նաև հիշողություն է, այս տարի Մոսկվայից, Լոս Անջելեսից, Պրահայից գործարարները եկել, բարձրացել է Խուստուփ լեռ, կասկածում եմ, որ երկրորդ նման հնարավորությունը լինի։ Նրանք Հայստանից դուրս 30 տարի զբաղվում են գործարարությամբ և այսօր եկել բարձարցել են Խուստոփ։ Բացի ճանաչողական առավելությունից, այն տալիս է նաև համագործակցության ավելի մեծ աշխարհագրություն, քանի որ տեղի գործարարների հետ էլ հանդիպում եղավ»։

«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամ, BSC բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանն ասաց. «Բացառիկ երևույթ է «Մանթաշյանց» ակումբը և նրա կազմակերպած Գլոբալ բիզնես ֆորումը, քանի որ աշխարհում միակ ֆորմատն է, երբ հայ գործարարները հավաքվում են մեկ տեղ՝ հենց Հայաստանում, և աշխարհի 20 երկրների 30 քաղաքներից արդեն կան ներկայացուցիչներ, որոնք ակումբի անդամ են։ Հնարավորոթյուն է ընձեռվել շփվել ոչ միայն դեմ առ դեմ, թե՛ խմբային, թե՛ գործարար միաջավայրում, թե՛ արշավային ձևաչափով։ Ֆորումը բավականին օգտակար ու հետաքրքիր էր, քանի որ շատ բան ենք իմանում միմյանց մասին, հայ գործարարների գործարարության մասին, որը էական նշանակություն ունի հետագա համագործակցության տեսանկյունց։

Ֆորումը տվեց կապեր գործրարար և անձնական տեսնակյունից, որը կարևոր է գլոբալ համահայկական ծրագրեր իրականացնելու տեսանկյունից, և բավական մեծ քանակությամբ համատեղ ծրագրեր են քննարկվում»։

Գևորգյանը նշեց, որ ներկայացնելու է սառեցված և խորը սառեցված միրգ-բանջարեղեն արտադրող գործարանի ներդրումային ծրագիրը՝ ասելով որ կարևոր է երկրում գործարաններ և աշխատատեղեր ստեղծելու առումով։

«Սիներգիայի օրենքն այստեղ գործում է, երբ 1+1-ը միշտ հավասար է լինում 111-ի։ «Մանթաշյանցի» առավելություններն են.

-Որակյալ կադրեր,

-Փորձի փոխանակում,

-Համատեղ ծրագրեր, որտեղ կլինեն ներդրման, փորձի գիտելիքի համատեղում,

-Բարեվարքություն, որը էական նշանակություն ունի «Մանթաշյանցի» անդամների միջև, այն կարևոր է համատեղ ծրագրեր իրականացնելու համար»։

 Դուբայում գործող «Renr Akar» անշարժ գույքի գործակալության հիմնադիր Սերո Պետրոսյանն ասաց. «Ցանկանում ենք, որ Դուբայում էլ բացել «Մանթաշյանցի» մասնաճյուղը։ Կումբին անդամակցել եմ 1 տարի առաջ և այդ ընթացքում շանոթացել եմ ողջ աշխարհում գործարարությամբ զբաղվող տարբեր մարդկանց հետ և ուրախ եմ, որ համաշխարհային մակարդակով հայ գործարարների նման մեծ ակումբ կա։ Գլոբալ ֆորումը բարձր մակարդակով է կազմակերպած, այստեղ հավաքվել են որակյալ մարդիկ»։

«Մանթաշյանց» ակումբի Երևանի մասնաճյուղի անդամ  Ռաֆայել Վարդանյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած ընկերությունները բնակելի շենքեր  և բժշկական կենտրոններ է կառավարում։

«Պարտադիր չէ, որ «Մանթաշյանց» ակումբի տված առավելությունները լինեն հենց բիզնեսի մեջ, չնայած դա էլ կա։ Օրինակ, իմ շատ գործընկերներ ակումբական են, բայց ակումբում առավելությունն այն է, որ նրա անդամները ֆիլտրված են, ունեն քո աշխարհայացը՝ իրենք առօրյայում հավատում են ամբիցիոզ ծրագրերի և դրանք իրականացնում են, իրենք էլ կրթվելու և սովորելու ցանկություն ու նպատակ ունեն։ Այստեղ հանդիպում ես մարդկանց, որոնք գաղափարապես քեզ ավելի մոտ են։ «Մանթաշյան» ակումբում երեք տարիների ընթացում ձեռք եմ բերել առօրյա լավ ընկերներ, ինչպես նաև գործընկերներ, որոնց հետ աշխատում եմ»։

 Չեխիայից եկած ԱյԹի ընկերությունների հիմնադիր Հակոբ Խաչատրյանն ասաց.

«Ուրախ եմ, որ այսպիսի բիզնես ֆորումներ կան Հայաստանում։ Վստահ եմ, որ հայը հային պետք է միշտ թև ու թիկունք լինի, որ կարողանանք բոլորս աճենք և զարգացնենք մեր Հայաստանը և «Մանթաշյանց» ակումբը միակ տեղն է, որտեղ ես այն տեսել եմ։ Դրսում եղել են դեպքեր, որ հայը հային փորձում է խաբել, բայց այդ միտումը պետք է փոխել և «Մանթաշյանց» ակումբը դրան հակազդելու մեծ ներուժ ունի»։

Մարսելցի գործարար Էրիկ Գևորգյանն էլ ասաց.

«Վահրամ Միրաքյանի հետ խոսելուց հետո հնարավոր համարեցինք Մարսելում «Մանթաշյանց» ակումբի մասնաճյուղ բացել, որովհետև կան գործարարներ, որոնք ունեն այդ կարիքը՝ ընդլայնել իրենց կապերը, հարաբերությունների մեջ մտնեն նաև Հայաստանի գործարարների հետ, ինչու ոչ՝ նաև Չինաստանի մեր գործընկերների հետ։ Կապը միշտ կարևոր է գործարարների համար։ «Մանթաշյանցը» տալիս է հնարավորություն, որ գործարարը միջազգային մակարդակով կարողանա կապեր ունենա և լավն այն է, որ հայը հենց հայի հետ է գործ անում։ Բացի ամբիցիոզությունից, նաև հայրենասիրական մղումներն են, որը հիանալի է։

«Մանթաշյանցն» ինձ տվել է շատ լավ ընկերներ՝ լինի Պրահայում, Փաիզում թե Լիոնում։ Վստահ եմ, որ ապագայում լինելու է նաև տարբեր գործողություններ, տարբեր բիզնեսներում։ Շատ դրական են տպավորություններս 2025 թվականի գլոբալ ֆորումից և շնորհակալություն եմ հայտնում Վահրամին և ակումբի թիմին։ Ես տեսել եմ նախորդ տարվա գլոբալ ֆորումը, այս տարվանն ավելի հզոր է և վստահ եմ, որ այդպես շարունակվելու է նաև 2026-2027 թվականին»։  

Mantashyants Global Business Forum 2025-ը, որը մեկնարկել էր հունիսի 30-ին, այս տարի համախմբեց ավելի քան 1200 գործարար աշխարհի ավելի քան 20 երկրից և 30 քաղաքից, դառնալով Հայաստանի ամենամասշտաբային մասնավոր բիզնես հարթակը։

Ֆորումի բացումը տեղի է ունեցել Մատենադարանում։ Բացման խոսքով հանդես եկավ ակումբի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը, իսկ «Ինչպես կառուցել գլոբալ բիզնես» թեմայով պանելային քննարկման բանախոսներն էին՝ Տիգրան Օխանյան («Էկովիլ»), Սամվել Մարտիրոսյան («Onex»), Արման Հարությունյան («VAK Group»), Դավիթ Բաղդասարյան («Krisp»), Աշոտ Հովհաննիսյան («Synergy»)։ Մոդերատոր՝ Վահան Քերոբյան։

Հուլիսի 1-ին ֆորումի հատուկ հյուրն է եղել Ալեքսանդր Վիսոցկին (Business Booster-ի համահիմնադիր), որը ներկայացրել է զեկույց «Զրոյից մինչև մասշտաբային բիզնես» թեմայով՝ ներկայացնելով բիզնես աճի հստակ մեխանիզմը։ Հանդիպմանը ներկա էին 1000+ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և ոչ միայն:

Ֆորումի շրջանակներում իրականացվել են բիզնես այցեր՝ դեպի Royal Armenia, Beer Academy, ինչպես նաև Տաթև, Կապան, Լոռու մարզում՝ «Գլորիա» արտադրամաս, «Շաքարյան Ռանչո» և այլն։ Տուրերի ընթացքում բացահայտվել են հայկական հաջողված բիզնես մոդելներ, տեղի ունեցան տեղում ներդրումային քննարկումներ։

Ֆորումի ամբողջ ընթացքում գործել են մենթորինգի և աշխատարանների սեսիաներ, պետական կառույցների հետ երկխոսություններ, ինչպես նաև մշակութային ու նեթվորքային երեկոներ, որոնք ստեղծեցին գործնական համագործակցությունների հիմք։

Մանթաշյանցի մասին

«Մանթաշյանց» բիզնես ակումբը հիմնադրվել է 2019-ին և այսօր միավորում է 700+ գործարար աշխարհի 20-ից ավելի քաղաքներից։ Ակումբի առաքելությունն է՝ համահայկական գործարար համայնքի համախմբում, գիտելիքի փոխանակում և գործընկերային մթնոլորտի զարգացում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Mantashyants Global Business Weekend 2025-ն ունեցել է 1200 մասնակից՝ 20 երկրների 30 քաղաքներից. Վահրամ Միրաքյան