Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ունենք ենթադրություն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Սարգսյանը հնարավոր է դիմի փախուստի. Գլխավոր դատախազ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց կալանավորման հիմքերը՝ նշելով. «Վարույթը գտնվում է սկզբնական փուլում, դեռևս հարցաքննված չեն վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների, դրանց փոխկապակցվածության, նախնական պլանավորվածության մասին վկայող հնարավոր տեղեկություններ ունեցող անձինք, այդ թվում հանցավոր խմբի ենթադրյալ անդամներ, որոնց հետ Արթուր Սարգսյանը անձամբ ծանոթ է, որոշների հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ, նրա՝ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է խոչընդոտել քրեական վարույթով ապացույցների ձեռքբերման գործընթացին դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, այդ թվում օգտագործելով իր դիրքն ու դիրքով պայմանավորված հեղինակությունը»։
Ա. Վարդապետյանը հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանը նախկինում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այժմ էլ ԱԺ պատգամավոր է, ինչը ողջամտորեն ենթադրում է, որ իր պատգամավորական մանդատով պայմանավորված՝ ունի կապեր ու լծակներ ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության շրջանում, և այս հագամանքն էականորեն բարձրացնում է նրա կողմից ապացուցման գործընթացին միջամտելու հնարավոր հավանականությունը:
«Միևնույն ժամանակ, Արթուր Սարգսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարման եղանակները, դրանցում ներգրավված անձանց քանակը, և նրանց հետ Արթուր Սարգսյանի ունեցած կապերը հիմնավոր կասկած են հարուցում այն մասին, որ նա կարող է ոչ միայն ապօրինի ազդեցություն ունենալ վարույթով ներգրավված անձանց, գործով դեռևս չհարցաքննված անձանց վրա, այլ նաև թաքցնել կամ ոչնչացնել վարույթի համար նշանակություն ունեցող նյութերը։
Հետևաբար, այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ անձի ազատության իրավունքը սահմանափակելիս կարևոր դերակատարում ունի նրա ունեցած դերը հասարակության մեջ, զբաղեցրած պաշտոնը և հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, մինչդատական վարույթին բնականոն ընթացքին խոչընդոտելու հնարավորությունը ևս»,- ասաց Վարդապետյանը:
Նա նշեց, որ ազատության մեջ մնալով՝ Արթուր Սարգսյանը կարող է ձեռնամուխ լինել արդեն իսկ նախապատրաստված հանցանքների իրագործմանը՝ այդ կերպ կատարելով Քրեական օրենսգրքով նախատեսած հանցանք:
«Մենք ունենք ենթադրություն, որ առկա է հիմնավոր կասկած նաև առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Արթուր Սարգսյանը հնարավոր է որ դիմի փախուստի»,- ասաց նա և միջնորդելով՝ համաձայնություն տալ, որպեսզի Արթուր Սարգսյանը զրկվի ազատությունից:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը նախօրեին Ազգային ժողովին էր ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, որը միաձայն՝ միայն ՔՊ խմբակցության պատգամավորների քվեարկությամբ, բավարարվել էր: