Մեր երկիրը պետք է կառավարվի օրենքներով, ոչ թե առանձին անձանց կապրիզներով Ա. Չալաբյան
Քաղաքական
13:19 08/07/2025
Հայաստան

Մեր երկիրը պետք է կառավարվի օրենքներով, ոչ թե առանձին անձանց կապրիզներով Ա. Չալաբյան

«Շատ կարևոր է, որ մենք մեր երկրում չհամակերպվենք ապօրինության հետ, չմտածենք, եթե այս մարդիկ զավթել են իշխանությունը, իրենց ամեն ինչ կարելի է։ Ո՛չ, իրենց ամեն ինչ չի կարելի»,-դատախազության դիմաց հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նախաձեռնության անդամները Նիկոլ Փաշիյանի ու նրա կուսակիցների գործողությունների, հայտարարությունների վերաբերյալ հանցագործության մասին ծավալուն հաղորդում հանձնեցին Գլխավոր դատախազությանը։

Չալաբյանը հիշեցրեց, որ Սահմանադրության 2-րդ հոդվածն ասում է՝  իշխանությանը մեր երկրում ժողովրդինն է։

«Ժողովուրդը մենք ենք։ Եկել ենք հաշիվ պահանջելու այս երկրի իշխանավորներից։ Ինչքան էլ նրանք ընտրված լինեն 2021-ին, ոչ մի իշխանավոր բարձր չէ օրենքից։ Մենք որպես քաղաքացիներ, որպես «Հայաքվե» միավորում, մշտապես հետամուտ ենք լինելու, որ մեր երկիրը կառավարվի օրենքներով, ոչ թե առանձին անձանց կապրիզներով։ Այդ կապրիզները հնարավոր են անտարբերության պայմաններում, մենք անտարբեր չենք լինելու, որպեսզի մեր երկիրը լինի օրինական, ժողովրդավարական»,-ասաց Չալաբյանը։

Նա ընդգծեց՝ այսօր Հայաստանում մարդկանց իրավունքները զանգվածային կերպով խախտվում են, ամեն օր ականատես ենք լինում ձերբակալությունների, խուզարկությունների, որոնք ժողովրդավարական երկրի հետ որևէ կապ չունեն։

«Այս գործողութունների պատվերները գալիս են Անկարայից ու Բաքվից, պատահական չէ, որ Փաշազադեն զուգահեռ արշավ սկսեց Հայ առաքելական եկեղեցու դեմ, նույն տերմիններն է օգտագործում, ինչ Փաշինյանը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder