Լույս է տեսել Նատալյա Գառնիցի «Հայկական տետր» բանաստեղծությունների ժողովածուն
Մշակույթ
16:17 08/07/2025
Հայաստան

Լույս է տեսել Նատալյա Գառնիցի «Հայկական տետր» բանաստեղծությունների ժողովածուն

Հուլիսի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա ռուս բանասեր  Նատալյա Գառնիցի «Հայկական տետր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրական-երաժշտական երեկոյի ընթացքում կընթերցվեն բանաստեղծություններ ժողովածուից, կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործույուններ, ինչպես նաև կկայանա գրքում տեղ գտած  բանաստեղծությունների հիման վրա գրված, կոմպոզիտոր Ռալֆ Քէօշկէրեանի երեք երգերի համաշխարհային պրեմիերան:  Գրական-երաժշտական երեկոյի մուտքն ազատ է:

Նատալյա Գառնիցի «Հայկական տետր»-ն ընդգրկում է բանաստեղծություններ նվիրված Գրիգոր Նարեկացուն, Հովհաննես Թլկուրանցուն, Գրիգոր Ախթամարցուն, Քուչակին, Սայաթ Նովային, Եղիշե Չարենցին, կա անդրադարձ հայ հեթանոս աստվածներին՝ Աստղիկ, Վահագն, գովերգվում է հայկական լեռնաշխարհի բնությունը, գեղատեսիլ վայրերը՝ Լոռի, Օշական, եկեղեցիների ճարտարապետությունն ու պատմությունը: Թեև բանաստեղծությունները գրված են ռուսերեն լեզվով, հեղինակն օգտագործում է նաև հայերեն բառեր՝ հայրեններ, կռունկ, սազ, զուռնա, փշատ և այլն:

Նատալյա Գառնիցը ծնվել է 1950թ.-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ռուսաց լեցվի բանասիրական բաժինը: Գառնիցը գրել է վաղ հասակից, դա նրա համար շատ բնական և օրհասական պահանջ էր: Այնուամենայնիվ, նա իր առաքելությունը գտավ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի: Տարիներ շարունակ աշխատելով Լենինգրադի դպրոցներից մեկում: Գառնիցի երախտագետ աշակերտներից է Վասիլի Պասեչնիկը՝ այժմ հաջողակ գործարար, արվեստի մեծ մեցենատ, ով նաև Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ է: Պասեչնիկը 2024թ.-ին Երևանում հրատարակում է ուսուցչուհու բանաստեղծությունների «Հայկական տետր» բանաստեղծությունների ժողովածուն: Պասեչնիկը նշում է. «1980-ականներին ես բացահայտեցի Հայաստանը իմ ուսուցչուհի Նատալյա Գառնիցի արվեստի շնորհիվ: Հին հայկական մշակույթի հանդեպ սերը մնաց ինձ հետ տասնամյակների ընթացքում և խթան հանդիսացվ Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամին աջակցելու հարցում: «Հայկական տետր»-ի հրատարակումը երկու ընտանիքների, բանաստեղծուհու և իմ, համատեղ ցանկությունն է, ինչի շնորհիվ Նատալյա Գառնիցի արվեստը հասանելի կդառնա աշխարհում, և առաջին հերթին՝ Հայաստանում: Սա ևս մեկ պատճառ է, որպեսզի մեր մշակույթները լսեն, ճանաչեն և սիրեն միմյանց»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder