Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գինու օգտագործումը, նույնիսկ չափավոր քանակությամբ, կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա
Ալկոհոլի օգտագործումը և հատկապես դրա չարաշահումը հանրային առողջության մարտահրավերներից է: ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ այս համատեքստում կարևոր է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը՝ ալկոհոլի օգտագործման և դրանով պայմանավորված հիվանդությունների մասին, մեծ քանակությամբ սպառման հնարավոր վտանգների, և ինչու չէ, չափավոր քանակով օգտագործման դեպքում, որոշ հնարավոր դրական ազդեցությունների մասին ևս:
Մերօրյա բազմազան և բազմաթիվ ալկոհոլային խմիչքների սպառման շարքում առաջատարներից մեկը գինին է` հայտնի որպես հնագույն ըմպելիք:
Գինիների մեծ մասի գրեթե 98%-ը բաղկացած է ջրից և էթանոլից` անկախ արժեքից: Մնացած 2%-ը թթուների, շաքարների, անկայուն համային և անուշաբույր միացությունների, պիգմենտային միացությունների և տանինների համադրություն է: Զարմանալիորեն, հենց այս 2%-ն է, որ վճռորոշ նշանակություն ունի՝ գինուն տալով իր յուրահատուկ համը, գույնը, բույրը և յուրահատկանությունը: Հենց այստեղ՝ այդ 2%-ում, իսկապես դրսևորվում է քիմիան։
Ամեն ինչ սկսվում է, իհարկե, խաղողից, իսկ խաղողը բաղկացած է մոտավորապես`
70-85% ջուր
18-30% գլյուկոզա և ֆրուկտոզա (շաքարներ)
0.3-1.5% թթուներ (թարթաթթու և խնձորաթթու)
< 1% սպիտակուցներ և ամինաթթուներ
պարունակում է 1%-ից պակաս եթերներ, պոլիֆենոլներ, վիտամիններ, հանքանյութեր, ֆլավոնոիդներ, տանիններ:
Իր հիմքում գինին ամբողջությամբ բաղկացած է խաղողից։ Սակայն ժամանակակից գինեգործության մեջ հաճախ օգտագործվում է ոչ միայն խաղողը։ Չնայած ավանդական մեթոդներով պատրաստված «բնական» գինիների աճող պահանջարկին, ժամանակակից արտադրողների մեծ մասը ավելացնում է տարբեր բաղադրիչներ` համը բարելավելու, հատուկ բույրեր և հյուսվածքներ ստեղծելու համար:
Գինու մեջ ավելացված բաղադրիչներից են կալցիումի կարբոնատը, տարբեր բուրավետիչները` կաղնու փայտիկները կամ ձողիկները, խաղողի հյութի խտանյութը` բարելավել կարմիր գինիների գույնը, ոչ բուսական նյութերը`ձվի սպիտակուցներ, բենտոնիտային կավ և կաթնասունների սպիտակուցներ, տաննինի փոշի, կալիումի սորբատ և կալիումի մետաբիսուլֆիտ, ծծմբի երկօքսիդ: Վերջին հավելումը պետք է նշված լինի գինու պիտակի վրա, եթե դրա պարունակությունը մեկ լիտրի համար գերազանցում է 10 մգ-ը, քանի որ որոշ մարդիկ զգայուն են սուլֆիտների նկատմամբ:
Գինու համաշխարհային սպառումը 2023 թվականին գնահատվել է 221 միլիոն հեկտոլիտր, ինչը 2.6%-ով պակաս է 2022 թվականի ցուցանիշից։ Այս անկումը ներկայացնում է երկարաժամկետ միտում, քանի որ սպառումը հասել է ամենացածր մակարդակին 1996 թվականից ի վեր:
Գինու սպառումը հասել է գագաթնակետին մոտ 2007 թվականին և այդ ժամանակից ի վեր շարունակում է նվազել, իսկ 2023 թվականի ցուցանիշները, ըստ Forbes-ի, 12%-ով ցածր են գագաթնակետի ցուցանիշից: Մինչդեռ երկրների մեծ մասում սպառման մեջ չափավոր փոփոխություններ են գրանցվել, Չինաստանում զգալի անկում է գրանցվել, իսկ Ռումինիայում, ընդհակառակը, աճ է գրանցվել: Forbes-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն շարունակում է մնալ գինու ամենամեծ սպառող երկիրը, որին հաջորդում են Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան: Միացյալ Նահանգները սպառել է բոլոր երկրներից գինու ամենամեծ ծավալը՝ 33.3 միլիոն հեկտոլիտր 2023 թվականին, ինչը կազմում է աշխարհում ընդհանուր սպառման մոտ 15.1%-ը։ Ֆրանսիան աշխարհում գինու սպառման ծավալով երկրորդ տեղն է զբաղեցրել`24,4 միլիոն հեկտոլիտր ծավալով։ 2024 թվականին Ֆրանսիային բաժին է ընկել գինու համաշխարհային սպառման 10,7%-ը, իսկ Իտալիային՝ 10,4%-ը։ Համեմատության համար նշենք, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեյցարիան և Ավստրիան, կազմել են գինու համաշխարհային սպառման մոտ 1%-ը:
Չնայած բնակչության մեծ թվաքանակին` 2024 թվականին Չինաստանում գինու սպառումը կազմել է մոտ 5,5 միլիոն հեկտոլիտր, որին հաջորդում է Ավստրալիան՝ մոտ 5,3 միլիոն հեկտոլիտր սպառման ծավալով։ Նույն տարում Ճապոնիայում գինու սպառումը կազմել է մոտ 3,1 միլիոն հեկտոլիտր։
Գինու ընդհանուր սպառումը Հայաստանում 2021 թվականին կազմել է 8 միլիոն լիտր, ինչը 14.3% աճ է նախորդ տարվա համեմատ, իսկ մեկ շնչի հաշվով կազմել է 4.2 լիտր:
Ըստ վերջին 2024 թվականի տվյալների` մեկ շնչի հաշվով սպառումը կազմել է 1.6 լիտր: Այս տարբերությունը ցույց է տալիս, որ ցուցանիշը սկսել է նվազել՝ 4.2-ից իջնելով մինչև 1.6 լիտր:
Եվրոպական երկրներից մեկ շնչի հաշվով գինու սպառման բարձր ցուցանիշներ ունեն Պորտուգալիան (61.1 լ), Իտալիան (42.7 լ) և Ֆրանսիան (41.5 լ):
Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան գինու խոշորագույն արտադրող երկրներն են աշխարհում՝ զգալի տարբերությամբ: 2022 թվականին Իտալիայում գինու արտադրության ծավալը կազմել է 49.8 միլիոն հեկտոլիտր: Գնահատվում է, որ 2022 թվականին ամբողջ աշխարհում արտադրված գինու ընդհանուր ծավալը կազմել է մոտ 258 միլիոն հեկտոլիտր։
Սպառողների նախասիրությունների փոփոխությունները, տնտեսական անորոշությունը և այլընտրանքային ըմպելիքների ժողովրդականության աճը նույնպես նպաստում են գինու սպառման ցուցանիշների փոփոխությանը` դեպի նվազում:
Գինու օգտագործումը, նույնիսկ չափավոր քանակությամբ, կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Չնայած չափավոր օգտագործումը կարող է որոշակի օգուտներ բերել առողջությանը, ալկոհոլի չափից ավելի շատ օգտագործումը կարող է հանգեցնել առողջության հետ կապված տարբեր խնդիրների, ներառյալ` լյարդի հիվանդությունները, սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկի մեծացումը, մարմնի զանգվածի ավելացումը, հոգեկան առողջությոն վրա ազդեցությունը, հորմոնալ անհավասարակշռությունը, աղեստամոքսային խնդիրները և այլն:
Չնայած այն փաստին, որ ԱՀԿ-ն համարում է, որ ցանկացած ալկոհոլային խմիչք, չունի անվտանգ չափաքանակ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ քիչ քանակությամբ գինի խմելը, հատկապես կարմիր գինի, կարող է կապված լինել սրտանոթային հիվանդությունների, կոգնիտիվ խանգարման, Ալցհեյմերի հիվանդության զարգացման, ինսուլտի, շաքարային դիաբետի, մետաբոլիկ համախտանիշի և վաղաժամ մահվան ռիսկի նվազեցման հետ: Կարմիր գինու չափավոր օգտագործումը կարող է նաև կապված լինել սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ: Գինին, հատկապես կարմիրը, պարունակում է հակաօքսիդանտներ, ինչպիսիք են ռեսվերատրոլը, որոնք կարող են օգնել պաշտպանել բջիջները վնասներից և բորբոքումներից:
Ըստ որոշ առողջապահական կազմակերպությունների, ալկոհոլի չափավոր ընդունումը սովորաբար սահմանվում է որպես կանանց համար օրական մինչև մեկ ըմպելիք և տղամարդկանց համար օրական մինչև երկու ըմպելիք: Ալկոհոլի օգտագործման անվտանգ մակարդակը որոշելը խիստ անհատական է և կարևոր է հաշվի առնել անհատական գործոնները, ինչպիսիք են տարիքը, առողջական վիճակը, հակացուցումները (հղիներ, կերակրող մայրեր, ալկոհոլից կախվածություն, արյան բարձր ճնշում ունեցողներ և այլն) և այդ ընթացքում կիրառվող դեղամիջոցները: