Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». Հստակեցումները պետք է լինեն շատ ավելի որոշակի ու ընկալելի
«Փաստ» թերթը գրում է.
«Հուլիսի 4-ի երեկոյան, չնայած փաշինյանական իշխանության ներկայացուցիչների ու անձամբ հենց Փաշինյանի ոչ երկիմաստ սպառնալիքներին, Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց բողոքի ակցիա՝ ի աջակցություն ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի: Դա այս տարի, եթե չենք սխալվում, առաջին խոշոր բողոքի ցույցն էր: Այն ցույցը, որից Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք, նախընթաց նյարդայնանում էր, եթե ոչ՝ վախենում:
Սակայն բազմահազարանոց այդ ցույցը, չնայած ելույթներին, «Պայքար, պայքար մեր ձևով» կարգախոսին, Սամվել Կարապետյանի և սրբազանների ազատության պահանջներին, չուներ ընդգծված քաղաքական բովանդակություն: Սա ամենից առանցքային հարցն է, միաժամանակ՝ այն բացը, որը առաջիկայում, կարծում ենք, շատ արագ պետք է լրացվի:
Իհարկե, «քաղաքական բովանդակության» այդ բացը լրացնում են բանտից Սամվել Կարապետյանի հղած նամակները: Եվ հուլիսի 4-ին տարածված հայտարարությունն էլ այդ շարքում է: Սամվել Կարապետյանը շատ հստակ հայտարարեց, որ «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ», պարզ ասած՝ պետք է հեռանան: Ի լրումն, ինքը՝ Սամվել Կարապետյանը, պատրաստ է անցնել «պայքարի ճանապարհով», «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը», որպեսզի Հայաստանը վերագտնի տնտեսապես, սոցիալապես, իրավական, ազգային ու ավանդապահական առումներով իր վերականգնման ու զարգացման բնական հունը: Ու՝ որ ինքը հստակ գիտի, թե ինչպես անել այդ ամենը:
Դա, իհարկե, գնահատելի է: Բայց առաջիկայի համար, կարծում ենք, հստակեցումները պետք է լինեն շատ ավելի որոշակի ու ընկալելի: Հնչող խոսքը, այո, պետք է լինի քաղաքական, առաջադրված նպատակները, դրանք իրականացնելու հանձնառության տակ մտած դերակատարները՝ հստակ: Մի խոսքով՝ պետք է հնարավորինս քիչ լինի կամ չլինի պաթոսը, և հակառակը՝ գերակայեն ռեալությունն ու ռացիոնալությունը:
Շատ կարևոր է նաև, ու պետք է ամեն ինչ անել, որ այս շարժումը հանկարծ չվերածվի «քաղաքական առևտրի» միջոցի:
«Պայքար, պայքար մեր ձևով» կարգախոսը բավականին հետաքրքիր է հնչում, իհարկե: Բայց այն, թե որն է «մեր ձևով»-ը, պետք է առավելագույնս հասկանալի լինի Փաշինյանից ու նրա ռեժիմի իշխանավարումից զզված, մեծապես տուժած և տուժել շարունակող հասարակության հնարավորինս շատ ներկայացուցիչների համար: Հանրությանն ուղղված ազգային, տնտեսական, սոցիալական, հարկային, իրավական «մեսիջները», կարծում ենք, պիտի ստանան ավելի ընկալելի ու որոշակի բանաձևումներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։