«Ժողովուրդ». Փաշինյանի քաղաքական պայքարը վերածվում է ուղղակի ճնշման՝ պետական կառույցների լծակներով
Օրվա մամուլ
08:14 10/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանի քաղաքական պայքարը վերածվում է ուղղակի ճնշման՝ պետական կառույցների լծակներով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը փակ ձևաչափով իրավապահ մարմիններին հստակ ուղերձ է հղել. եթե կհաջողվի գտնել իրավական հիմքեր, որոնք կարող են հանգեցնել ՀՅԴ կուսակցության գործունեության արգելափակմանը Հայաստանում, ապա իշխանությունը ոչնչի առջև կանգ չի առնելու: Կփակեն Հայաստանի ամենահին կուսակցություններից մեկը: Սա խոսում է այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջական պայքարի է անցել ընդդեմ ՀՅԴ-ի՝ ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական հարթությունում։

Անշուշտ, Փաշինյանի իշխանության գործելաոճը տարիներ շարունակ նույնն է եղել. նախ՝ հրապարակային մեղադրանք, ապա՝ ուղիղ SMS-հրահանգ իրավապահ կոնկրետ կառույցներին, և վերջում՝ քրեական հետապնդում։ Մյուս փուլերը հանրությանը արդեն ծանոթ են։ Բացահայտ վկայություն էր նաև ԱԺ վերջին ծեծկռտուքը, որը հրահրվեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո։ Դրան հաջորդած ՔՊ-ական բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում էր նույն ուղերձը՝ ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի, 2008-ի մարտի 1-ի և 2020-ի նոյեմբերի 9-ի՝ Կառավարության վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներն են, որոնք, ըստ իշխանական վարկածի, այժմ էլ՝ 2024-ին կամ 2025-ին, «Սրբազան շարժման» անվան տակ ծրագրում են ահաբեկչություն՝ ներքաշելով նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։

Հաշվի առնելով գործելաոճը՝ սպասելի են քրեական նոր հետապնդումներ, նոր ձերբակալություններ, հնարավոր հարձակումներ ոչ միայն կաթողիկոսի, այլև այլ հոգևորականների և ընդդիմադիր գործիչների վրա։ Սա կարող է դառնալ նախադեպ, երբ քաղաքական պայքարը վերածվում է ուղղակի ճնշման՝ պետական կառույցների լծակներով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder