Ռոբերտ Քոչարյանը պահանջում է, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի իրենից. Հայցը հունից հանել է ՔՊ-ական պաշտոնյային
Իրավունք
11:49 11/07/2025
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի իրենից. Հայցը հունից հանել է ՔՊ-ական պաշտոնյային

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին։

Panorama.am-ը Դատալեքսից տեղեկացավ, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանից խնդրում է պարտավորեցնել պատասխանող Ալեն Սիմոնյանին սույն հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում իրեն պատկանող «Alen Simonyan/Ալեն Սիմոնյան» անվանումով օգտահաշվում, ինչպես նաև իրեն պատկանող «Alen Simonyan» տելեգրամյան ալիքում հրապարակայնորեն հերքել Ռոբերտ Քոչարյանի արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող իր կողմից հրապարակված կեղծ տեղեկությունները։

«Հերքումը կատարել հետևյալ բովանդակությամբ.

«2025 թվականի հունիսի 14-ին իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակվել են կեղծ, ակնհայտ անհիմն, զրպարտչական բնույթի տեղեկություններ։ Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նախկինում հայտնածս տեղեկություններըը իրականության հետ որևէ կապ չունեն և հանդիսացել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք։»

2. Պարտավորեցնել պատասխանող Ալեն Սիմոնյանին սույն հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում իրեն պատկանող «Alen Simonyan/Ալեն Սիմոնյան» անվանումով օգտահաշվում, ինչպես նաև իրեն պատկանող «Alen Simonyan» տելեգրամյան ալիքում հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից՝ վերջինիս արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։

 Որպես ներողության տեքստ սահմանել հետևյալը․ «Նախկինում իմ կողմից ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել արատավորելու Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար զղջում եմ և ցանկանում եմ Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել»»։

Հայցադիմումը դատարանը ստացել է հուլիսի 10-ին։ Նույն օրը այն մակագրվել է դատավոր Անուշավան Մուշեղյանին։

Իր դեմ ներկայացված դատական հայցը հունից հանել է ՔՊ-ական պաշտոնյային։ Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ ոճով ու բառամթերքով է արձագանքել.

«Ռոբերտ Քոչարյանի փխրուն հոգին կրկին ալեկոծվել է: Նա նորից ինձ դատի է տվել: Կարդալով իմ գրառումը՝ ՎՈԻՆԻ դեմքի ջղաձգումներն ավելի ու ավելի են ակտիվացել և Հունաստանի ամբողջ հանգիստը տակն ու վրա է եղել: Միջերկրածովյան արևն այլևս նորմալ չի տաքացնում, ժպտերես հույն մատուցողուհու առավոտյան՝ յասու Ռոբը չի ուրախացնում, ծովն շատ ալիքոտ է և հարմար չէ սերֆինգի համար, Հայաստանում ում վրա հույս էր դրել, պարզվեց նույն իմպոտենտն են»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder