Քանի որ «առաջնորդը» մեզ դատի է տվել, ենթադրում եմ, որ նրա կամակատար ստատուսչիները դա ընկալել են որպես հրահանգ. Արմինե Օհանյան
Քաղաքական
23:01 11/07/2025
Հայաստան

Քանի որ «առաջնորդը» մեզ դատի է տվել, ենթադրում եմ, որ նրա կամակատար ստատուսչիները դա ընկալել են որպես հրահանգ. Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Քանի որ «առաջնորդը» մեզ դատի է տվել, ենթադրում եմ, որ նրա կամակատար ստատուսչիները դա ընկալել են որպես հրահանգ` «Հրապարակի» վրա հարձակվելու: Մեր հին նյութերն են պեղում, ստատուսներ են գրում... Իհարկե, վատ չէ, որ «Հրապարակ» եք սկսել կարդալ, բայց ձեր «բացահայտումները» հաստատում են ձեր տգիտությունն ու մամուլի դերը չընկալելու փաստը:

Կառավարության աշխատակազմի «ծանրակշիռ» ղեկավարն ինձ մեղադրել է «երեսպաշտության» մեջ, իբր` 2015-ին Գարեգին Բ-ի դեմ հրապարակումներ ենք արել, հիմա` պաշտպանում ենք... Ի դեպ, ես հունիսի 3-ին էի գրել. «Այո, «Հրապարակը» նախկինում բազմաթիվ հոդվածներ է գրել՝ քննադատելով և կաթողիկոսին, և Մայր Աթոռին, անգամ կուսակրոնության խնդրին ենք անդրադարձել, բայց այն ժամանակ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունեինք, անվտանգ երկիր և կարող էինք մեզ նման շռայլություն թույլ տալ, մանավանդ՝ լրատվամիջոցների համար չպետք է լինեն տաբուներ, բայց այսօր եկեղեցու և հոգևորականների դեմ սկսված արշավը նպատակ ունի վարկաբեկել, խարխլել մեր ազգային հիմքերը, հասարակությանը զրկել հենման վերջին կետից, ճնշել ըմբոստության ցանկացած օջախ, ուստի սա ազատ խոսքի հետ ոչ մի կապ չունի և մենք՝ լրագրողներս չենք կարող մասնակցել մեր պետության հիմքերը քանդելու այս զազրելի գործընթացին»։

Ինձ շատ դժվար է մեղադրել անսկբունքայնության, իմ մասնագիտությանը դավաճանելու մեջ: Ես կարող եմ 40 տարվա ընթացքում գրածս բոլոր հոդվածները նորից տպագրել` առանց դրանց համար ամաչելու: Որովհետև հավատարիմ եմ եղել այն սկզբունքին, որ լրատվամիջոցը պետք է Հանրային սանիտարի և ազատ հարթակի դեր խաղա հասարակության համար: Ինձ համար չկա տարբերություն, թե ով է նստած նախագահի-վարչապետի աթոռին, լրագրողի գործը իշխանությունների սխալներն ու թերությունները վեր հանելն է:

Իսկ հիմա` Արայիկ Հարությունյանին ու Պետրոս Ղազարյանին ավելի հասկանալի լեզվով ասեմ. եթե իմ աչքի առաջ մի թուրք հարձակվի ձեր վրա և փորձի սպանել, ես ոչ թե թուրքին կաջակցեմ, որ ձեզ ոչնչացնի, այլ ձեզ կպաշտպանեմ: Երբ թուրքի հարցը լուծենք, վերջացնենք` նորից կսկսեմ ձեր դեմ պայքարել... որովհետև դուք մոլախոտ եք, մեր հասարակության համար վնասակար գոյանքներ:

Երբ դուք չլինեք իշխանության, ես նորից եմ գրելու և Վեհափառի, և եկեղեցու թերությունների մասին...հիմա Եկեղեցուն ձեզնից պաշտպանելու ժամանակն է»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder