Կյանքը տարեցտարի թանկանում է, իսկ ոչ հարուստների եկամուտները չնչին են բարձրանում կամ չեն բարձրանում. Կարեն Չիլինգարյան
Հասարակություն
17:43 11/07/2025
Հայաստան

Կյանքը տարեցտարի թանկանում է, իսկ ոչ հարուստների եկամուտները չնչին են բարձրանում կամ չեն բարձրանում. Կարեն Չիլինգարյան

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-հունիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը։ Վիճակագրական ցուցանիշների համաձայն սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 6.2 %-ով, բանջարեղենը՝ 25 %-ով, մասնավորապես՝ կարտոֆիլը 67 %-ով, կարագը 14 %-ով, ձուկը 21 %-ով, սուրճը 14.3 %-ով, կակաոն՝ 20%-ով։ Սա այն պայմաններում, երբ ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը ո՛չ աշխատավարձերն է բարձրացրել, ո՛չ էլ թոշակները և նպաստները։ Այս պայմաններում թանկացումների ազդեցությունը ՀՀ շարքային քաղաքացիների վրա ներկայացնելու համար Panorama.am-ը դիմեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանին։

Կ. Չիլինգարյան-Իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե տնտեսական աճ կա և այլն։ Անկախ ամեն ինչից, սպառողը թանկացումներից թիվ մեկ տուժողն է, համենայն դեպս՝ սոցիալապես անապահով խավը։ Այս պարագայում ավելի է դժվարանում նրանց կյանքը, որովհետև ակնհայտ երևում է, որ թանկացում կա և հենց սննդամթերքի հետ կապված։ Սպառողը կարող է մի վերնաշապիկ կամ կենցաղային մի իր պակաս գնել, բայց սննդամթերքն այն ապարնքն է, առանց որի ոչ ոք չի կարող գոյատևել։ Հատկապես սննդամթերքի թանկացումն ավելի շատ խփում է սպառողի գրպանին։

 Անընդունելի է, բայց փաստ, առավելևս, որ եթե Վիճակագրական կոմիտեն դրա մասին բացահայտ ներկայացնում է, ապա պատկերացրեք, թե իրականությունն ինչքան մռայլ է, որովհետև մենք տեսել են, թե ինչպես ՎԿ-ն ավելի մեղմ  կամ ոչ լիարժեք է ներկայացնում իրավիճակը։

Բայց սպառողն ակնհայտ կարող է տեսնել, թե ինչ թանկացում է տեղի ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում՝ 2024 թվականի համեմատ։

Panorama.am -Այս համայնապատկերում ինչպե՞ս կգնահատեք իշխանությունների գործողությունները։

Կ. Չիլինգարյան-Աշխատավարձերի կամ թոշակների բարձրացման մասին չի խոսվում։ Մասնավոր հատվածում կարող է չնչին բարձրացում լինի,իսկ պետական հատվածում դա էլ չի զգացվում։ Առավել ևս ցածր աշխատավարձ ստացողների մասին է խոսքը։ Այն բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներն չեն էլ զգում թանկացումը, իրենց մոտ չի էլ զգացվում։ Եթե մարդիկ 500-600 հազար դրամի կամ միլիոնների աշխատավարձ են ստանում,  թանկացումը չեն զգում, բայց նրանք, ովքեր 100-150 հազար են ստանում,կամ ավելի ցածր, առավել ևս թոշակառուների վրա շատ ավելի մեծ աղդեցություն է թողնում։

Սա ցավալի է այն իմաստով, որ ոչ մի հույս էլ չկա, որ գնանկում կարող է տեղի ունենալ, կամ աշխատավարձի կտրուկ բարձրացում։ Գնաճ ամեն տեղ էլ լինում է, եթե քաղաքակիրթ աշխարհում գնաճի հետ զուգահեռ սոցիալական հարցեր են լուծում, ինդեքսացիայի աշխատանքներ են տարվում, իսկ մեզ մոտ այն չի արվում և այն ավելի դժվարացնում է սպառողի կյանքը

Panorama.am -Փաշինյանը կառավարության նիստում համոզում է հասարակությանը, թե թոշակառուների թոշակները 5 հազար դրամով բարձրացրել է, քանի որ գործում է անկանխիկ գնումներից հետվերադարձի ծրագիրը։

Կ. Չիլինգարյան-Այն կախված է նրանից, թե թոշակառուն ինչքանի առևտուր կանի՝ 1000 դրամի, թե 10000 դրամի։ Այն մեծ լուծում չէ, չի կարելի ասել, որ մեծ օգուտ է տալիս, հնարավոր է ինչ-որ չափ, մի քանի կաթիլ ավելացնում է, բայց այն հարցի լուծում չէ։ Միակ տարբերակը, գոներ թոշակները բարձրացվի, ոչ թե 1000-2000 դամ,  այլ նշանակալի 10-15 հազար դրամ, այն ինչ-որ ձևով օգուտ կլինի թոշակառու սպառողի համար, բայց դա էլ չկա մեր մոտ։ Երկար տարի չէր բարձրանում թոշակը, նախորդ տարիներին 1000-2000 դրամ բարձրացավ, բայց այն հացի լուծում չէ, որովհետև կյանքը տարեցտարի թանկանում է, իսկ թոշակառուի եկամուտը չնչին է բարձրանում կամ չի բարձրանում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder