ԱՆ-ի կողմից պատվաստումներն իրականացվում են պարտադրանքի և տույժ-տուգանքի սկզբունքով․ Ծաղիկ Վարդանյան
Առողջություն
17:16 12/07/2025
Հայաստան

ԱՆ-ի կողմից պատվաստումներն իրականացվում են պարտադրանքի և տույժ-տուգանքի սկզբունքով․ Ծաղիկ Վարդանյան

Պատվաստումները շատ կարևոր են, քանի որթույլ են տալիս կանխել և վերահսկել մեծ թվով վարակիչ հիվանդություններ, կրճատելով նաև երեխաների մահացության մակարդակը։ Այսուհանդերձ, շատերը դեռևս վերապահումներ կամ գուցե  անվստահություն ունեն։ Որքանով են դրանք հիմնավոր, Panorama.am-ի զրուցել է «Անկախ փորձագետ» ՀԿ նախագահ Ծաղիկ Վարդանյանը։

«Ինչպես ամբողջ առողջապահական համակարգի նկատմամբ, այնպես էլ պատվաստումների մասով կան հանրային անվստահության խնդիրներ»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ծաղիկ Վարդանյանը։

Վարդանյանը խնդիրները բաժանեց 2 խմբի։ Առաջինն՝ անվստահություն է, երկրորդը՝ որոշակի կրոնական, կենցաղային, ազգային փոքրամասնությունների շրջանում ընդունված կարծրատիպերը։

«Մարդը ուղղակի վստահություն չունի, որովհետև հարևանի մոտ տեսել է բարդություն կամ այլ խնդիրների մասին է լսել։

Հանրային վստահություն ունենալու համար պետք է բավականին արդյունավետ գործող առողջապահական համակարգ ունենալ։ Չմոռանանք, որ դեռ քովիդը մոռացված չէ, կամ գարդասիլի հետ կապված պատմությունները»,- ասաց Վարդանյանը։

Առողջապահության ոլորտի փորձագետի խոսքով՝   քաղաքացին, երբ դիմում է հիվանդանոց կամ պոլիկլինիկա, արդեն իսկ ունի կասկածներ, որ համապատասխան որակի կամ ծավալի բժշկական օգնություն կարող  է և չստանալ։ Այսինքն՝ այս խնդիրը միայն պատվաստումներին չի վերաբերում, համընդհանուր հարց է։

« Բազմաթիվ միջոցներ կան պարզելու,թե  մարդիկ ինչ են գրում բուժօգնության սպասարկման հետ կապված խնդիրների մասին՝  սկսած վերակենդանացման բաժանմունքներից, վերջացրած ուղղակի բժշկի մոտ այցելությունից։Այսինքն՝ վստահությունը ձեռք է բերվում որակյալ բուժօգնություն իրականացնելու արդյունքում, ոչ թե՝ PR անելու»։

Հարցին, թե ի՞նչ որակի պատվաստանյութեր են ներկրվում, արդյո՞ք  քաղաքացիները կարող են վստահություն ունենալ, որ մեր երկրում ներկրվում է որակյալ պատվաստանյութ, Վարդանյանն ասաց․

«Ասել, որ անորակ պատվաստանյութեր են բերվում, այդպես չէ, ես տասը տարի աշխատել եմ Առողջապահության նախարարությունում, չեմ կարող ասել, որ պետությունն ընտրում է ամենավատը, այդպես չէ։ Միջին ցուցանիշ է ընտրում՝ գին և որակ համադրությամբ, իսկ մասնավոր կլինիկաներն ունեն իրավունք շատ ավելի թանկ պատվաստանյութեր ներկրելու։ Մարդիկ իհարկե, նախապատվություն տալիս են եվրոպական արտադրության պատվաստանյութերին։ Որակի մասով կարող եմ ասել, որ հիմնադրամի և այլ միջազգային կառույցների կողմից ստուգված պատվաստանյութեր են։      Ներկրվող պատվաստանյութերի հետ կապված խնդիրը կարող եմ ասել՝ գործընթացը տեղի է ունենում պետական գնման ձևով։ Այսինքն՝ պետությունը գնում է մեծ խմբաքանակ, որը հետագայում բաժանվում է ըստ պահանջարկի բոլոր ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում։ Իհարկե, կարող են մարդիկ մտածել, որ այս պատվաստանյութերը ոչ այդքան էֆեկտիվ պատվաստանյութեր են։ Հետևաբար, որպեսզի կարողանանք այստեղ էլ վստահություն ձեռք բերել, պետք է ամեն ինչ իրականացնել թափանցիկ։   Վերջերս խոսում են՝ ջրծաղիկի պատվաստման մասին, ասում են՝ ինչ-որ բան  խաթարվել է, չենք ընդունել։ Հիմա հարց՝ ինչի՞ է խաթարվել։ Եթե ամեն բան  ձեր ձեռքին է, պետական լծակներն ունեք, ինչի՞ է խաթարվել»։

 Շարունակելով խոսքը Վարդանյանը տեղեկացրեց, որ բոլոր բժշիկների վրա ամսական կտրվածքով հստակ դրված է,թե պատվաստումների քանի տոկոս ծածկույթը պետք է ապահովել։

«Եթե ծածկույթը 93 տոկոսից ցածր է, ապա սկսվում է պոլիկլինիկայի, բուժհաստատության նկատմամբ նկատողությունների տարափը։ Պարտադրանքի և տույժ-տուգանքի սկզբունքով է իրականացվում, որը ճիշտ չէ։ Այս պարտադրանքի արդյունքում՝ բժիշկն սկսում է ամեն մեդոթով, մեխանիզմով պատվաստումներ իրականացնել։

Փորձագետը վստահ է՝ Առողջապահության նախարարությունն ուղորդվում է պատժելու մեխանիզմով։

«Շրջանառվում էր մի նախագիծ,որ դպրոց, մանկապարտեզ երեխային  չեն թույլատրելու գնալ, եթե ամբողջ պատվաստումների փաթեթը չի իրականացրել ։Ավելին ասեմ, հիմա, երբ  ծննդատներում մարդիկ,եթե  հրաժարվում են պատվաստում իրականացնելուց, ապա բուժհաստատությանն ասում են՝ մենք սկրինինգի գումարը չենք փոխանցելու։ Ի՞նչ կապ ունի պատվաստումը կոնքազդային սկրինինգի հետ։  Մանկաբարձագինիկոլոգիական բաժանմունքը ի՞նչ մեղավոր է, որ մայրիկը որոշում է կայացրել՝  երեխային չպատվաստել ծննդատան։ Պատվաստում չի իրականացնել, դրա համար տուժվում է հիմնարկը։ Այսինքն՝ ի՞նչ անեն, սկրինինգ չանե՞ն և բաց թողնեն երեխայի կոնքազդրային հոդի հետ կապված խնդիրները, որն անչափ կարևոր է նորածնային շրջանում ախտորոշելը։ Առողջապահության նախարարությունը ուղղորդվում է, գնում է պատժելու մեխանիզմով։ Սա կարող է հանգեցնել այն բանին, որ օրինակ՝ բուժաշխատողները գնան կեղծարարության, ուղղակի գրեն՝ կատարել են  պատվաստում, քանի որ ունեն խիստ ճնշում, նկատողություն  իրենց նկատմամբ»,- ասաց Վարդանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder