Իմ կարծիքով, մինչև հուլիսի վերջ հարյուրավոր արցախցի ընտանիքներ հայտնվելու են փողոցում. Գագիկ Բաղունց
Քաղաքական
12:44 14/07/2025
Հայաստան

Իմ կարծիքով, մինչև հուլիսի վերջ հարյուրավոր արցախցի ընտանիքներ հայտնվելու են փողոցում. Գագիկ Բաղունց

«Ես ակնակալում եմ, որ մինչև հուլիսի վերջ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր արցախցի ընտանիքներ հայտնվելու են փողոցում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ խոսելով արցախցիներին տրամադրվող 40 հազար դրամ պետական աջակցության դադարեցման հետևանքների մասին։

Նա մասնացում է կառավարության շենքի դիմաց անցկացվող հավաքին․ այն նախաձեռնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհուրդը։ Խորհուրդը 12 կետից պահանջագիր էր ներկայացրել կառավարությանը, սակայն ՀՀ իշխանությունները դրանցից միայն մեկն են մասամբ բավարարել։ Հուլիսի 12-ից արցախցիները նստացույց են իրականացնում Ազատության հրապարակում՝ ՀՀ իշխանություններից պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին։

«Բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվում։ Նրանք ասում են, որ կանգնած են փողոցում հայտնվելու վտանգի առաջ»,-ասաց արցախցի գործիչը։

Էլլադա Ալավերդյանի՝ 9 հոգուց բաղկացած ընտանիքը ժամանակավոր բնակություն է հաստատել Թաիրովում։ Վարձով են ապրում։ Բուհ ընդունված աղջիկները վարձը վճարել չկարողանալու հետևանքով կանգնած են ուսումը չշարունակելու խնդրի առաջ։

Panoarama.am-ի հետ զրույցում կինն ասաց՝ ինքն էլ, ամուսինն էլ աշխատում են, սակայն առանց պետական աջակցության չեն հասցնի սնունդ, հագուստ գնել, կոմունալները, բնակարանի վարձը վճարել։

«Ինը շունչ ենք՝ ես, ամուսինս, 5 երեխաները, սկեսուրս։ Չենք հասցնում, ամեն բան թանկ է։ Երկու տրանսպորտ եմ փոխում աշխատավայր հասնելու համար։  Բնակվարձը դադարեցնելու դեպքում լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու։ Լավ մի ամիս պարտք վերցրեցինք, հետո ի՞նչ ենք անելու։ Արտագաղթողներին մեկ-մեկ քննադատում եմ, բայց այսօր ես էլ սկսել եմ մտածել այդ մասին»,-նշեց Է. Ալավերդյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհուրդի անդամ Սայիդա Պողոսյանի խոսքով, իրենք առաջարկում են բնակվարձ տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չունեն մշտական բնակության վայր, բացի այդ խնդրում են հատուկ կարգավիճակ տրամադրել բենզալցակայանի պայթունից տուժածներին։

«Մեզ ասում են՝ արցախցիները չեն աշխատում։ Ո՞նց կարող է չաշխատել արցախցին ու գոյատևել այս երկրում։ Օրինակ բերեմ։ Մի ընտանիք կա, ունի հինգ զավակ։ Փոքր տղան գնում է  դպրոց, հետո գնում է՝ բանվորություն է  անում, հետո գնում է սպորտի խմբակ։ Բանվորությունից ստացած գումարով իր վարձն է վճարում, այլ ծախսեր հոգում։ Աշխատում ենք, ուղղակի հիմա հնարավոր չէ առանց պետության աջակցության գոյատևել, նման բան հայտարարելն անբարոյական է»,-ասաց Սայիդա Պողոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder