«Միշտ երազել եմ լինել այս մեծ մարդու կողքին․ նա ինձ շատ բան է սովորեցրել». Մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Մշակույթ
08:01 14/07/2025
Հայաստան

«Միշտ երազել եմ լինել այս մեծ մարդու կողքին․ նա ինձ շատ բան է սովորեցրել». Մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է։ Ամենամյա կինոտոնն այս տարի անցկացվում է հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան են ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանն իր խոսքում հարգանքի տուրք է մատուցել բոլոր այն հայ կինոգործիչներին, ովքեր վերջերս կնքել են իրենց մահկանացուն։ Խաչատրյանի հրավերով՝ բեմ են բարձրացել մյուս երկու համահիմնադիրները՝ Սուսաննա Հարությունյանը և Միքայել Ստամբոլցյանը, և երեքը միասին ազդարարել են փառատոնի մեկնարկը։

Կինոփառատոնի այս տարվա բացման ֆիլմն էր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմը, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Պալմ դե Օրի։ Փանահին Հայաստան էր ժամանել նախորդ տարի։

«Ամեն անգամ, երբ լինում եմ Հայաստանում, լավագույն հուշերով եմ վերադառնում, բայց այս գիշերը տարբերվում էր․ այս գիշեր ինձ համար ամենատպավորիչ հուշն է, որովհետև ուզում եմ խոսել մի մարդու մասին, որի հետ մի տարածքում լինելը մեծ պարտավորություն է։ Երբ ուսանող էի, մեր համալսարանի կողքին կինոթատրոն կար ու մի օր անցնելիս տեսա, որ այս մեծ մարդը մաքրում էր կինոթատրոնի ապակիները, որ իր ֆիլմի պաստառները փակցնի։ Կես ժամ կանգնած նայում էի նրան։ Եվ իրենից սովորեցի, որ երբ ֆիլմ ես նկարահանում, պետք է ամենափոքր դետալներից ուշադրություն դարձնես, և ինքդ զբաղվես ամեն ինչով։ Որոշ մարդիկ միայն կինո չեն նկարահանում, ճանապարհ են ստեղծում։ Միշտ երազել եմ լինել այս մեծ մարդու կողքին․ նա ինձ շատ բան է սովորեցրել։ Նա միակ մարդն էր, որ ինձ սովորեցրեց դիմակայել։ Այս գիշեր ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել իրանական կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկին՝ վարպետ Ամիր Նադերիին»,-իր խոսքում նշել է Փանահին։

Փառատոնից հայտնում են, որ Ջաֆար Փանահին հանձնել է փառատոնի Փարաջանովյան թալեր մրցանակը Ամիր Նադերիին՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

«Փանահին ամենակարևոր ռեժիսորներից իրանական կինոյում, որ ճանապարհ է բացել դեպի ապագա՝ Աբաս Քիառոսթամիի հետ։ Այս մրցանակն ինձ համար շատ  նշանակալից է, որովհետև իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է։ Ես այս մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի Փանահիի նման ճանապարհ բացեն դեպի ապագա»,-իր խոսքում նշել է Նադերին։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Վերջինս համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության  ամենազգայուն ձայներից մեկն է։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ը կպատվի աֆրիկացի ռեժիսորի։

Ժյուրիի անդամների ցանկում են Սան Սեբաստիանի և Թուրինի փառատոների մասնակից, Ոսկե ծիրանի դափնեկիր, ամերիկահայ սցենարիստ և ռեժիսոր Էրիկ Նազարյանը, Աթինա Ռախիլ Ցանգարին՝ հունական Նոր ալիքի համահիմնադիրը, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակը, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսորը, ինչպես նաև Աթենքի օլիմպիական խաղերի հանդիսավոր արարողությունների բեմադրողը։ Միջինասիական ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկը՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովը նույնպես ժյուրիի անդամներից է։Մյուս անդամը Ադա Սոլոմոնն է՝ ռումինական կինոյի առաջատար պրոդյուսերներից մեկը, Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջի դափնեկիր և Օսկարի նոմինացված ֆիլմերի արտադրող։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվոր հյուրն է և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է Ամիր Նադերին։ Տարածաշրջանային ժյուրիի անդամներն են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիրը, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն ԲԵյքերի հետ երկարամյա համագործակցությամբ:

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարավի Հարություն Խաչատարյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, աջակիցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder