Նույնիսկ մեր իրավունքների համար պայքարը մեզ համար դարձել է հերոսության նման բան. Արցախցի
Հասարակություն
15:04 14/07/2025
Հայաստան

Նույնիսկ մեր իրավունքների համար պայքարը մեզ համար դարձել է հերոսության նման բան. Արցախցի

«Շատ դժվարություններ կան, արդեն մտածում եմ Հայաստանից գնալու մասին, հնարավոր չէ քո սեփական երկրում մուրացկանի տեսքով ապրել։ Ես ինձ մուրացկան եմ զգում իմ մայր հայրենիքում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Լիլյա Ավանեսյանը, ով մասնակցում էր կառավարության դիմաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ակցիային։

Նա նշեց, որ ամեն հայ երազել է լինել մայր հայրենիքում, պաշտպանված է զգացել իրեն, հպարտ։

«Հիմա ինձ ընկճված եմ զգում, մտածում եմ՝ մի՞թե սա այն Հայաստանն է, այն Երևանն է, որին ես տարիներ շարունակ ճանաչել եմ»,- ասաց տիկին Լիլյան։

Նա նշեց, որ Երևանը փոխվել է արցախցիների հանդեպ այս իշխանությունների պատճառով։

«Չնայած եկան Արցախը շահարկելով, որ Արցախի կողքին են, բայց եկան ու սկսեցին Արցախի դեմ պայքար  մղել, բացահայտ, չեն թաքցնում, այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի արցախիցները թողնեն ու հեռանան։ Չկա արցախցի Հայաստանում, չկա և Արցախի հարց։ Դրանով ուզում են հարցը փակել, բայց չեն մտածում հարցն այլ կերպ լուծելու մասին, որպեսզի բարենպաստ, արժանապատիվ պայմաններ ստեղծեն, արցախցին մնա մայր հայրենիքում։

Նույնիսկ մեր իրավունքների համար պայքարը մեզ համար դարձել է  հերոսության նման բան, որովհետև կամ վախեցնում եմ, կամ ձերբակալում, քրեական գործեր հարուցելու մեթոդներով ուզում են բոլորին ահաբեկել»,- ասաց արցախցի կինը։

Նա համոզված է, որ միայն այս իշխանության փոփոխության դեպքում է հնարավոր արցախցին արժանապատիվ ապրի մայր հայրենիքում։

Լ.Ավանեսյանը նաև հայտարարեց, որ ստորագրահավաք են սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելու համար. «Գոնե 10 հազարից մի քիչ ավելի ստորագրություն հավաքենք ու դիմենք ԵԱՀԿ Մինսկի խմբին ողջ ժողովրդի անունից»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder