Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ճոճանակ»-ը չէր կարող լիարժեք համարվել, եթե չլիներ դրա շարունակությունը․ Լիլիթ Թումանյան
«2022 թ․ դեկտեմբերի 9-ն էր, գնում ենք Ստեփանակերտ՝ «ճոճանակ» գրքի շնորհանդեսին։ Մի քիչ ծանր գնացինք, որովհետև չգիտենք՝ կհասնենք,թե՝ոչ։ Ճանապարհները սկսել էին արդեն փակել պարբերաբար, անընդհատ լուրեր էին հասնում, որ նորից փակեցին ու անընդհատ հերթեր էին կուտակվում։ Հասանք։Բացի դրանից, մերոնցից մի քանիսը առաջին անգամ էին պատերազմից հետո հասնում, Ստեփանակերտ շատ ծանր ապրումներ էին իրենց մոտ, որովհետև գիտեին, որ պիտի ադրբեջանցիների կողքով անցնեն, ոչինչ չէին ասում, աչքերից էր երևում ու, գիտեք, ոչ թե վախ, այլ խստություն ու լրջություն դեմքի ամբողջական կենտրոնացում, թե ինչ է հիմա լինելու։ Աստվածով հասանք Ստեփանակերտ։Եվ շատ խորհրդանշական օր՝ դեկտեմբերի տասին տեղի ունեցավ «Ճոճանակ»-ի շնորհանդեսը»,- Կարեն Բեքարյանի հեղինակած՝ «Ճոճանակ-2» գրքի շնորհանդեսի ընթացքում պատմեց լրագրող Լիլիթ Թումանյանը։
Այսօր տեղի է ունենում քաղաքագետ Կարեն Բեքարյանի հեղինակած «Ճոճանակ-2» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ենրկա են քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ և այլ հետաքրքրված անձիք։ «Ճոճանակ-2»-ը «Ճոճանակ» գրքի շարունակությունն է։ Նոր գրքում զետեղված են 2022թ․-ի նոյեմբերի 10-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները՝ Արցախի շրջափակում, բռնի տեղահանում, ադրբեջանական ագրեսիա և այլն։
Նա առանձնահատուկ հիշեց այն մարդկանց, ովքեր այն ժամանակ ներկա էին, բայց հիմա չեն կարող։
«Նրանք չեն կարող, որովհետև ազատազրկված են, կամ նրանց, որոնք մինչ օրս ենթարկվում են հետապնդումների և չեն կարող հստակ ներկա գտնվել։ Բայց, այնուամենայնիվ, ինչպես այն ժամանակ հաղթահարելով առկա դժվարությունները, այնպես էլ հիմա հաղթահարելով նորից առկա դժվարությունները, գրքի շնորհանդեսը պետք է տեղի ունենա։ Առաջին գիրքը տպագրվել և հրատարակվել էր «Վերածնվող Հայաստան» կուսակցության հովանավորությամբ և «Հայացք» վերլուծական կենտրոնի օժանդակությամբ։ Այս գրքի հովանավորն է հանդիսացել Արթուր Վանեցյանը՝ «Հայրենիք» կուսակցության նախագահը, ինչպես նաև «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ է տպագրվել գիրքը, իհարկե, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդատվական օգնության»,- տեղեկացրեց Թումանյանն ու հավելեց․ « Կարծում եմ՝ ավելորդ է ասել, թե ինչու եկավ 2-րդ գրքի անհրաժեշտությունը։ Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան առաջին գրքի շնորհանդեսից հետո, հասկանալի դարձավ, որ այս գիրքը չէր կարող լիարժեք համարվել, եթե չլինի դրա շարունակությունը, որովհետև ճակատագրական էր և՛ շրջափակումը, և՛ ռազմական ագրեսիան, և՛ հայաթափումը, և՛ հետագա զարգացումները»։