Հայաստանում 7 ամսվա ընթացքում վրաերթի հետևանքով մահացել է 33 մարդ
Իրավունք
17:45 15/07/2025
Հայաստան

Հայաստանում 7 ամսվա ընթացքում վրաերթի հետևանքով մահացել է 33 մարդ

Այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 1-ը Հայաստանում արձանագրվել է 526 վրաերթի դեպք: ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ վրաերթի հետևանքով մահացել է 33 մարդ,  536-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վրաերթի 4 դեպք տեղի է ունեցել հետիոտնային անցումների վրա։

«Կարևոր է հիշել, որ նույնիսկ հետիոտնային անցումներով անցնելիս անհրաժեշտ է զերծ մնալ ականջակալների, հեռախոսների և այլ սարքերի օգտագործումից, որոնք կարող են շեղել ուշադրությունը։
Խնդրի կարևորության գիտակցման մակարդակը բարձրացնելու նպատակով ՆԳ նախարարությունը հանրության շրջանում իրականացնում է իրազեկման-բացատրական աշխատանքներ։ Մասնավորապես, Պարեկային ծառայության ուշադրության կենտրոնում են երթևեկության բոլոր մասնակիցները, այդ թվում՝ հետիոտները, որոնց հետ ևս պարեկները պարբերաբար նախազգուշացնող և բացատրական աշխատանքներ են կատարում՝ երթևեկության կանոնների պատշաճ պահպանման համար»,-հիշեցնում են ոստիկանությունից։

ՊԾ պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ այն իրավախախտները, որոնք շրջանցում են ճանապարհային երթևեկության կանոնները, օրինակ՝ անցնելով ճանապարհը դրա համար չնախատեսված հատվածով, չեն ենթարկվում լուսացույցի կամ կարգավորողի ցուցումներին կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։

Այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 1-ը տուգանվել է 3112 հետիոտն՝ փողոցը ոչ թուլատրելի հատվածով անցնելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder