«Ժողովուրդ». Քննարկման թեմաներից մեկը եղել է նաև Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան հնարավոր ավտոճանապարհ տրամադրելու հարցը
Օրվա մամուլ
08:15 16/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Քննարկման թեմաներից մեկը եղել է նաև Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան հնարավոր ավտոճանապարհ տրամադրելու հարցը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը Գորիսում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ժամանակ իշխող էլիտայի քննարկման թեմաներից մեկը եղել է նաև Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան հնարավոր ավտոճանապարհ տրամադրելու հարցը։ Թեման, որը հանրային դաշտում հայտնի է «միջանցք» անունով, քննարկվել է դռնփակ ռեժիմով՝ առանց լրատվամիջոցների ներկայության։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը քաղաքական հավաքի ընթացքում նկատելիորեն լարված է եղել։ ՔՊ-ականներն արձանագրել են, որ վարչապետը չի ստացել այն արդյունքներն ու հավաստիացումները, որոնք ակնկալում էր Թուրքիա, Աբու Դաբի և եվրոպական ուղղություններով վերջին այցերի ընթացքում։ ՔՊ-ի ներսում շրջանառվում է տեսակետ, որ այս փուլում միջազգային դերակատարները չեն պատրաստվում ամբողջությամբ աջակցել Փաշինյանի ցանկությանը՝ ճանապարհային խնդիրը կարգավորելու իր նախընտրած ձևաչափով։

Դռնփակ քննարկման ժամանակ, ըստ մեր աղբյուրների, վարչապետ Փաշինյանը միանշանակ հայտարարություն է արել՝ վստահեցնելով կուսակիցներին, որ Հայաստանը որևէ տարբերակով ավտոճանապարհ, միջանցք կամ տարածք չի տրամադրելու, եթե այն դուրս է լինելու Հայաստանի իրավազորությունից։ Նա ընդգծել է՝ «նույնիսկ ամերիկյան կողմի վերահսկողության ներքո ավտոճանապարհ չենք տալու»։

Սակայն հետաքրքիր հակասություն է նկատվում այս հայտարարության և իշխանության նախկին հայտարարությունների միջև։ Հիշեցնենք, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ անցած տարի ասել էր՝ կոմունիկացիաների և ճանապարհների անվտանգությունը կարող է ապահովվել մասնավոր ընկերության միջոցով։ Այսօր Փաշինյանն իր դիրքորոշումը ձևակերպում է կտրուկ ու բացառող ձևով։

Իսկ արդյոք նման դիրքորոշումը կարող է Ադրբեջանին լեգիտիմ հիմք տալ՝ ուժով պահանջելու կամ վերցնելու այդ ճանապարհը՝ ՔՊ-ում հստակ պատասխան այս հարցին չունեն։ Իշխանության ներսում մտավախություն կա, որ հստակ ռազմավարության բացակայության պայմաններում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, իսկ խաղաղության համաձայնագիրը գուցե այդպես էլ չկնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder