«Հրապարակ». Առայժմ փորձելու է Վեհարանը Վեհափառից ազատել հոգեբանական տեռորի միջոցով՝ ստատուսներով
Օրվա մամուլ
08:18 17/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Առայժմ փորձելու է Վեհարանը Վեհափառից ազատել հոգեբանական տեռորի միջոցով՝ ստատուսներով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Եկեղեցու, Վեհափառի ու որոշ եպիսկոպոսների հասցեին շարունակվող զազրախոսություններին, իշխանական աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը ծանր կացության մեջ է հայտնվել Եկեղեցու դեմ հայտարարած պատերազմում` չգիտի ինչ անել։ Նա հասկանում է, որ այս հարցում չունի հանրային լայն աջակցություն: Թեպետ «նեղ կռուգում» ակնարկել է, որ գուցե ինքն առաջնորդի մարդկանց դեպի Վեհարան, և բռնի ուժով կաթողիկոսին հրաժարական պարտադրեն, առաջարկը չի ողջունվել, սակայն թիմում վստահ չեն՝ Փաշինյանը կիրականացնի՞ իր վտանգավոր մտադրությունը, թե՞ կխուսափի առճակատումից։

Առայժմ փորձելու է Վեհարանը Վեհափառից ազատել հոգեբանական տեռորի միջոցով՝ ստատուսներով, թիմին Վեհափառի դեմ «քսի տալով» և այլն։ Երեկ նրա ասուլիսից էլ դա հասկացվեց։ «Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից»,- ասաց նա` տպավորություն ստեղծելով, թե իր համակիրներին առաջնորդելու է դեպի Վեհարան, ինչպես 2018-ին արեց։ Իսկ ճշտող հարցին, թե ինչպես է ազատելու` դռներ կոտրելո՞վ, ասաց. «Սիրով, աղոթելով»։

Այսինքն՝ ռադիկալ հայտարարություններով փորձում է հանրությանը դրդել ինչ-որ քայլերի, որ հետո արդարանա, թե ինքնաբուխ հավաքներ են եղել։ Սակայն անցած ամիսները ցույց տվեցին, որ այս հարցում իշխանությունն աջակիցներ չունի՝ ո՛չ դրսում, ո՛չ ներսում: Հոգևոր դասն էլ անցել է հակագրոհի` նզովում են իշխանություններին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ իրավապահներին հրահանգ է իջեցրել՝ կաթողիկոսի դեմ գործեր «կարել», արդեն մեկ տասնյակ գործ է բացվել, բայց դեռ չեն հայտարարում։ Փաշինյանը մի քանի անգամ թիմին ասել է, որ մինչև աշուն այս հարցը պետք է լուծվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder