«Շոուի կարիք ես չունեմ». «Ֆազի» uպանnւթյան գործով կալանավորված «Չաղ Ռուստամին» նյարդայնացրեց լրագրողների ներկայությունը դատական նիստին
Իրավունք
17:59 17/07/2025
Հայաստան

«Շոուի կարիք ես չունեմ». «Ֆազի» uպանnւթյան գործով կալանավորված «Չաղ Ռուստամին» նյարդայնացրեց լրագրողների ներկայությունը դատական նիստին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, կայացավ քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով հերթական դատական նիստը։

Դատական նիստին ներկա էին «Ֆազ»-ի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը։

Մտնելով նիստերի դահլիճ և տեսնելով տեսախցիկներ ու լրագրողներին՝  Ռուստամ Ստեփանյանն ասաց. «Էս ի՞նչ շոու է։ Շոուի կարիք չունեմ, շոուն թող ուրիշ տեղ անեն»։ 

Նա և Աշոտ Կուրեղյանը դեմ արտահայտվեց, որ նիստը լուսաբանվի որևէ ձևաչափով՝ ոչ տեսագրություն, ոչ ձայնագրություն։

«Մենք չենք ուզում ոչ ձայնագրություն, ոչ նկարահանում, սուտ բաներ են գրվում ու տարածվում, իրականությանը չեն համապատասխանում։ Իմ հետ կապված սուտ բաներ են հրապարակվում»,- ասաց Ռ.Ստեփանյանը։ 

Դատավոր Մասիս Մելքոնյանն ասաց, որ դռնբաց դատական նիստ է, մարդիկ կարող են ներկա գտնվել, մասնակցել նիստին, որևէ  օրենսդրական արգելք չկա։

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին վկաներ Մանուկ Ներսիսյանը, Էդգար Մանուկյանը։ Մանուկ Ներսիսյանն ու Էդգար Մանուկյանն ընկերներ են։ Մանուկը էդգարից գնել է «Оpel Astra» մակնիշի մեքենա, սակայն դեպքի օրը դեռ անվանափոխություն արված չի եղել։ Հանցագործությունը կատարվել է նմանատիպ ու նույն համարանիշներով մեքենայով։ Նրանք երկուսն էլ ասացին, որ իրենք չեն ճանաչում մեղադրյալներին, նաև սպանվածին։ 

Հանրային մեղադրող Արիս Բարսեղյանը հարցրին պատասխանելով՝ Էդգար Մանուկյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչպես են իր մեքենայի համարանիշներից հայտնվել մեկ այլ մեքենայի վրա։

Հարցաքննվեց վկա Արթուր Ասատրյանը, ով ճանաչել է  Հարություն Սահակյանին, վերջինս էլ Սուրեն Գրիգորյանին։ Ըստ մեղադրանքի, Հարություն Սահակյանի և Սուրեն Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11- ին՝ ժամը 23:15-ի սահմաններում սպանվել է Սերգեյ Գրիգորյանը։ Արթուր Ասատրյանն ասաց, որ Հարություն Սահակյանը մանկության ընկերն է եղել, նույն բակում են մեծացել, Հարությունը 30 տարի բնակել է Ռուսաստանում, այնուհետև վերադարձել է Հայաստան, բայց շփումը հաճախակի չի եղել։ Նա ասաց, որ Սուրեն Գրիգորյանին չի ճանաչել։

Դեպքից հետո Հարութուն Սահակյանին չի տեսել։ Հարութուն Սահակյանի և Սուրեն Գրիգորյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Ռ.Ստեփանյանի փաստաբան  Գեղամ Հակոբյանն ասաց, որ ոչ օբյեկտիվ քննություն է տարվել։ 

Վկաների հարցաքննությունից հետո դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստը կկայանա  հուլիսի 24-ին։

Նշենք, որ սպանությունից հետո ArmLur.am-ը գրել էր, որ  Ռուստամ Ստեփանյանը «վայելում է քաղաքական իշխանության հովանավորչությունը»: «ArmLur.am-ին լուրեր էին հասան, որ Ռուստամ Ստեփանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ»։

Հիշեցնենք, որ Մասիս Մելքոնյանի որոշմամբ Ռուստամ Ստեփանյանի կալանք խափանման միջոցը տնային կալանքով էր փոխարինվել։  Գլխավոր դատախազությունը Ռուստամ Ստեփանյանի խափանման միջոցի դեմ Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բեկանել էր դատավոր Մելքոնյանի՝ կալանքը խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ որոշումը:

Մեղադրական եզրակացության համաձայն. «Ռուստամ Ռոբերտի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սերգեյ Գագիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով մի խումբ անձանց՝ Աշոտ Տիգրանի Կուրեղյանի, Հարություն՝ Արծվիկի Սահակյանի և Սուրեն Արմենի Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի, «171252475» համարի գործարանային արտադրության ինքնաձիգ և ակոսափող հրազենից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7.62մմ տրամաչափի գործարանային արտադրության առնվազն 54 փամփուշտ, այնուհետև Աշոտ Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների՝ Հարություն Սահակյանի ու Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11- ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Սերգեյ Գրիգորյանին»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder