Վթարային շենքերի բնակիչները հեռացան կառավարության դիմացից. Թաղապետարանից էին զանգել
Հասարակություն
15:18 17/07/2025
Հայաստան

Վթարային շենքերի բնակիչները հեռացան կառավարության դիմացից. Թաղապետարանից էին զանգել

«Մարդ մտածում է պամպերսներ առնի, բաժանի կառավարությունում նստածներին, ասի՝ հագեք, իջեք, էս մարդիկ ձեզ ոչինչ չեն անելու»,-հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը՝  բարկանալով, որ կառավարության շենքի դիմաց ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող  Վարդաշենի վթարային շենքերի բնակիչների հետ որևէ մեկը հանդիպման չիջավ։

Վարդաշենի՝ փլուզման վտանգի առաջ կանգնած հանրակացարանի բնակիչներն ահազանգում են, որ ամեն օր շենքը կարող է փլուզվել։ Նրանք նախ փողոց փակեցին, ապա կառավարության շենքի մուտքերը։ Նիստից հետո գործադիրի անդամներից որևէ մեկը չարձագանքեց նրանց խնդրին։ Փոխարենը կառավարության շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին բերվել։

Բողոքի ակցիայի մասնակիցներին ասել են, որ կառավարությունում այսօր քննարկում են իրենց խնդիրը՝ հասկանալու, թե ինչպես են վարվելու, տարհանելո՞ւ են, թե՞ այլ բան։

«Հարցը հրատապ պետք է լուծվի։ Հրատապ։ Լավ, էսօր մեզ ճանապարհեցին, գնացինք, բայց խնդիրը չլուծվեց։ Գարշահոտի մեջ երեխեք են մեծանում։ Ես չեմ ցանկանա, որ իրենցից մեկի երեխան այդտեղ ապրի, բայց մարդիկ ամիսներով, տարիներով ապրում են։ Մենք ցանկանում ենք, մինչև շենք հասնելը իրենք գան ու խնդիրը լուծեն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներն ասացին՝ թաղապետարանից են զանգահարել, ասել են, կգան շենք՝ տեսնելու ինչ վիճակ  է։

«Եթե ոչինչ չփոխվեց, ապա մենք երկուշաբթի կրկին գալու ենք այստեղ»,-ասացին նրանք ու հեռացան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder