Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն Հայրապետյանի գործով փաստաբանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի գրավոր ակտի ձևով
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Կարապետ Բալայանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին և նրա ընտանիքին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատավարությունը։
Հիշեցնենք, դատախազությունը նոր մեղադրանք էր առաջադրել Ռուբեն Հայրապետյանին, այդ թվում նաեւ ՀՖՖ-ից 150 միլիոն դրամի ենթադրյալ հափշտակության վերաբերյալ։
Այսօրվա նիստում Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Վահագն Դալլաքյանը միջնորդություն ներկայացրեց՝ արագացված դատաքննություն իրականացնելու մասին։
«Միջնորդության էությունը հետևյալն է, քանի որ Սահմանադրական դատարանը ի թիվս այլնի ասել է, որ ենթադրյալ հանցանքի հիմքով հարուցված գործերի դեպքում դատախազությունը կարող է միայն պահանջել այն գույքի բռնագանձում, որը ձեռք է բերվել այդ ենթադրյալ հանցանքի արդյունքում կամ դրա հետ կապված, այսինքն՝ որոշակի կապ պետք է ցույց տրվի։ Մեր դեպքում նման կապ ընդհանրապես չկա, ցույց չէ տրվել, չէր կարող ցույց տրվել, որովհետև ենթադրյալ հանցանքը տեղի է ունեցել տարիներ, տասնամյակներ հետո, քան ձեռք է բերվել այդ ապօրինի որակվող գույքի գերակշիռ մասը։Եվ հենց այդ հիմքով մենք պնդեցինք, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո արդեն իսկ հայցը ակնհայտ անհիմն է, ենթակա է մերժման, և այդտեղ կարիք չկա հայցի հիմքերը մանրամասն քննարկելու։ Հետևապես, ներկայացրեցինք այդ միջնորդությունը»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանը տարիներ շարունակ զբաղեցրել է պետական պաշտոններ, որի մասին որևէ խոսք երբևէ նշված գործով չի եղել։
«Տեսանք, որ Դատախազության ներկայացուցիչը խնդրեց մեր արագացված դատաքննություն կիրառելու միջնորդությունը մերժելու դեպքում իրենց հնարավորություն տալ հայցի հիմքը առարկայական փոփոխելու։Բայց դատարանը այս նիստին մեր միջնորդության հիմքով դեռևս որոշում չկայացրեց և հայտարարեց, որ այդ որոշումը կկայացվի առանձին գրավոր ակտի ձևով։ Այսինքն, հնարավոր է 2 սցենար, եթե դատարանը մերժի մեր միջնորդությունը, ինքը, ինչը կարծում ենք, որ սխալ կլինի, ոչ իրավաչափ կլինի, ապա գործը պետք է շարունակվի և, այո՛, հավանաբար, դատախազությունը հնարավորություն կունենա հայցը փոփոխելու։Իսկ եթե դատարանը բավարարում է միջնորդությունը, ապա այդ դեպքում, ըստ դատավարական կանոնների, անմիջապես պետք է անցնի վճիռ կայացնելու, առանց այլևս նիստեր անցկացնելու, վճիռ կայացնելու, և եթե բավարարում է միջնորդություն, նշանակում է՝ համաձայնվում է մեր դիրքորոշման հետ, որ հայցը ակնհայտ անհիմն է, և հետևաբար, այդ դեպքում չի կարող կայացնել այլ վճիռ, քան հայցը մերժելու մասին վճիռ գրել, որ Ռուբեն Հայրապետյանի մասով քաղաքական որոշում է»։