Երևանում կանցկացվի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը. Պետբյուջեից 130 մլն դրամ է տրամադրվել
Սպորտ
18:03 18/07/2025
Հայաստան

Երևանում կանցկացվի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը. Պետբյուջեից 130 մլն դրամ է տրամադրվել

Հուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը:

Մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ մրցապայքար. Հայաստան են ժամանելու ուժեղագույն թիմերը:

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն պատվիրակություններ Ֆրանսիայից, Լեհաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Չեխիայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Հունաստանից, Սերբիայից, Սլովենիայից և Ռումինիայից։ Առաջնության շրջանակում նախատեսվում է շուրջ 500 մարզիկի մասնակցություն և 60 հանդիպում, որոնք կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ առաջնության պատշաճ անցկացման նպատակով պետական բյուջեից շուրջ 130 մլն դրամ է հատկացվել, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք, ապահովվել է մարզադահլիճների համապատասխան կահավորում:

 «Թիմային մարզաձևերում, այդ թվում՝ վոլեյբոլում, մեր հավակնությունները բարձր են: Եթե հետևողական ջանք դնենք և գրագետ աշխատանք իրականացնենք, կարծում եմ` արդյունքներ կլինեն»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ առաջին նախաձեռնությունը կդառնա լավ նախադեպ՝ ապագայում ավելի շատ միջազգային միջոցառումներ Հայաստանում կազմակերպելու համար։

ՀՎՖ գլխավոր քարտուղարի խոսքով՝ մինչև 16 տարեկանների թիմը ձևավորվել է շուրջ 6 ամիս առաջ՝ անցնելով լիարժեք նախապատրաստական փուլ:

«Ունենք հավաքական, որը պատրաստ է մեծ պայքարի: Սպասելիքներ ունենք. նպատակը մինչև 5-րդ տեղը զբաղեցնելն է, քանի որ դա մեզ թույլ կտա մասնակցելու 2026 թ. աշխարհի Մ17 առաջնությանը: Հայաստանի հավաքականը ձեւավորվել է հունվար ամսին: Ունենք բարձրակարգ մարզիչ Ռուսաստանից, որն այս կարճ ժամանակում հավաքականը դարձրել է մարտունակ թիմ: Եվրոպայի առաջնությանը պատրաստվել ենք մի քանի փուլերով:  Ունեցել ենք հավաքներ, ընկերական խաղեր․ հավատում ենք, որ տղաները կարող են ցանկալի արդյունք ապահովել»,- նշել է Կարեն Ասմարյանը:

Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder