«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
Իրավունք
13:16 18/07/2025
Հայաստան

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայց է  ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ Դատալեքսից, հիմնադրամը դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել «Դալմա Գարդեն մոլ»-ում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառների հեռացնելը։

«01.07.2025թ. Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում տեղակայված և սեփականության իրավունքով «Դալմա Ինվեստ» ՍՊ ընկերությանը պատկանող «Դալմա Գարդեն Մոլ» զվարճա-առևտրային համալիրի արտաքին պատին տեղադրված թվով 6 հատ պաստառների ապամոնտաժման, մասնավորապես, պաստառները տեղադրման վայրից հանելու /պոկելու/, պատասխանողի տիրապետման տակ գտնվող տրանսպորտային միջոցում տեղադրելու և հեռացնելու գործողություններն ոչ իրավաչափ ճանաչելու և հետևանքները վերացնելու պ/մ»,-ասված է հիմնադրամի պահանջում։

Դատարանը գործ է  ստացել  երեկ՝ հուլիսի 17-ին։ Այն նույն օրը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին քաղաքապետարանի որոշմամբ աշխատակիցները Դալմա Գարդեն Մոլի շենքի պատերից, շենքի ներսից հեռացրել են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։

Ավելի վաղ հայտնի գործարար, բարերարի լուսանկարով ու «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությունով էկրանն ապամոնտաժվել էր Հյուսիսային պողոտայում,  նման պաստառներ հեռացրել են նաև «Տաշիր» առևտրի կենտրոնի շենքի վրայից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին