Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գարեգին Երկրորդ. Հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը
Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը տիար Հովսեփ Տեր-Գևորգյանը, հայցելով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը, ընդգծել է, որ այս տարվա ՀՅԴ Համահայկական բանակումը իրականացվում է «Պիտի վերադառնանք» կարգախոսով, ինչը կարևոր ուղերձ է՝ վերադառնալու մեր արմատներին ու մեր հոգևոր-ազգային արժեքներին։
Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունն է բերել ներկաներին, գնահատանք հայտնելով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների պատասխանատուներին տարբեր երկրներից հայորդիներին հայրենիքում պարբերաբար համախմբելու համար, ինչը լավագույն առիթ է զորացնելու նրանց ազգային-հոգևոր նկարագիրը և նվիրումն առ հայրենին։
Վեհափառ Հայրապետը, խոսելով ազգային ինքնությունը անխաթար պահելու և հոգևոր արժեքներով առաջնորդվելու հրամայականի մասին, ընդգծել է, որ հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը։
Անդրադառնալով Արցախի բռնազավթման, հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին ու երկրում տիրող դժվարին կացությանը՝ Հայոց Հայրապետը կարևորել է ազգային միաբանությունը՝ ի սեր հայրենիքի և հանուն համազգային շահերի ու առկա մարտահրավերների հաղթահարման։
Վերջում Նորին Սրբությունը մաղթել է, որ ազգասիրության զորեղ ոգին ու կամքը մշտապես ուղեկից լինեն հայ երիտասարդներին՝ համընդհանուր ճիգերով զորացյալ կերտելու հայրենքի անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքը։

