«Նոր Զովքն» օրենքից դուրս պահանջ է ներկայացրել սպառողին. Քաղաքացուն թույլ չեն տվել լուսանկարել բանանի գնապիտակը
Իրավունք
16:27 21/07/2025
Հայաստան

«Նոր Զովքն» օրենքից դուրս պահանջ է ներկայացրել սպառողին. Քաղաքացուն թույլ չեն տվել լուսանկարել բանանի գնապիտակը

Նոր Զովք սուպերմարկետի Գյուլբենկյան փողոցում տեղակայված մասնաճյուղում կիրակի օրը քաղաքացուն արգելել են լուսանկարել բանանի գնապիտակը։ Panorama.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմեց,  տեսել է՝ խանութում այդ օրը բանանն էժան է, ցանկացել է նկարել, ուղարկել ընտանիքի անդամին՝ հարցնելու, թե այդ գնով քանի՞ կգ միրգ գնի։ Սակայն սուպերմարկետի աշխատակիցները թույլ չեն տվել, ասել են՝ մեզ մոտ նկարել չի կարելի։

Մասնաճյուղի մենեջերը Panoarama.am-ին ասաց՝ մեզ մոտ տեսալուսանկարահանումն առհասարակ արգելված է, այդ մասին զգուշացումը փակցված է խանութում,  նշեց՝ մյուս հարցերին կպատասխանի փոխտնօրենը։

«Զովք» սուպերմարկետի փոխտնօրեն  Ռաֆայել Խաչատրյանն ասաց, թույլատրում են լուսանկարել, եթե լուսանկարն ուղարկելու են ընտանիքի անդամին, հարազատին՝ գնումը քննարկելու նպատակով, այլ դրդապատճառով նկարել թույլ չեն տալիս։

«Եթե գների մոնիտորինգ է իրականացնում, օրինակ, կոնկուրենտը, թույլ չենք տալիս,  որովհետև չի կարելի, շահերի բախում է  տեղի ունենում։ Մենք ներքին ընթացակարգով հասկանում ենք նկարելու դրդապատճառը»,-ասաց նա։

Կա՞ իրավական նորմ, որը սահմանում է նման տարբերակված մոտեցում լուսանկարելիս, որտեղ, օրինակ, նշված կլինի, եթե սպառողը լուսանկարում է ընտանիքի անդամին ուղարկելու համար, թույլատրվում է, եթե կասկածում են, որ մրցակիցն  է նկարողը, չի կարելի։

«Չեմ կարող ասել, օրենքում նման բան կա՞, թե՞ չկա։ Օրենքը հիմա ցիտել չեմ կարող։ Մենք հասկանում ենք՝ հաճախորդը ով է, ներքին պրոցեսներ կան, նյուանսներ կան։ Գուցե հարցրել են քաղաքացուն, թե ինչու համար է նկարում, դա էլ քաղաքացուն վրդովեցրել է»,-պատասխանեց ընկերության ներկայացուցիչը՝ կասկած հայտնելով, որ խմբագրություն զանգահարած քաղաքացին գուցե մանիպուլյացիա է անում։

Սպառողին լուսանկարելու նպատակի մասին հարցեր աշխատակիցները չեն տվել, ասել են՝ մեզ մոտ նկարել չի կարելի և վերջ։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիոպյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որևէ տնտեսվարող իրավունք չունի նման սահմանափակում կիրառելու։

«Ավելին ասեմ, հենց հիմա շրջանառվում է  մի նախագիծ, որ քաղաքացիները QR կոդը լուսանկարելու միջոցով  կկարողանան  տեսնել ապրանքի իրական մակնշումը։ Սա ուղիղ ապացույց է, որ քաղաքացին խանութում հեռախոսով կարող է գործողություն իրականացնել, իսկ գնապիտակ նկարելը  չի կարող համարվել մասնավոր տարածքում նկարահանելու սահմանափակման ենթակա բան»,-ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով, ընկերության փոխտնօրենի՝ որպես արդարացում բերված հայտարարություններն անհեթեթություն են, արդարացումը դրված չէ լավ հիմքերի վրա։

«Օրենքից դուրս պահանջ է ներկայացվել սպառողին։ Լուսանկարելն արգելող որևէ օրենք գոյութուն չունի։ Այլ բան, եթե ակնհայտ տեսնեն, որ գործ ունեն հանցագործության կամ դրա պլանավորման հետ, բայց ինչ վերաբերում  ապրանքին կամ դրա գինը նկարելուն, ապա որևէ իրավասություն  չունեն։ Ցանկացած ընթացակարգ, կանոնակարգ պետք է բխի օրենքներից։ Եթե անգամ փորձեն գտնել որևէ իրավանորմ, որը մասնավոր տարածքում լուսանկարելու սահմանափակում է նախատեսում, ապա դա այս դեպքի վրա դա չի տարածվում։ Այիսնքն, անգամ մոլորեցնող իրավանորմեր փնտրելու կարիք չկա, քանի որ այն  ընդհանուր օգտագործման տարածք է»,-ասաց ՀԿ նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder