Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես բացվել է 2017-ին և մինչ օրս դեռ կառուցվում է
Տնտեսություն
21:27 22/07/2025

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես բացվել է 2017-ին և մինչ օրս դեռ կառուցվում է

Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) միջազգային երկաթուղային նախագիծն անցնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքով։ Երկաթգծի շինության սկզբից ի վեր Jnews-ը հետևում է, թե ինչպես է զարգանում նախագիծը և ինչ ազդեցություն ունի այն տեղի բնակչության կյանքի վրա։

Չնայած այն հանգամանքին, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել դեռևս 2017 թվականին, այնտեղ շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են մինչ օրս։ Սակայն, միևնույն է, կայարանում որևէ փոփոխություն նկատելի չէ։

Ի դեպ՝ ԲԹԿ նախագիծն Ադրբեջանի վրա «նստել է մոտ 900 միլիոն դոլար»։

Չափազանց դժվար է տեղեկատվություն ստանալ աշխատանքների ընթացքի կամ բեռնափոխադրումների ծավալի մասին։ Jnews-ը հայտնում է, որ  իրենց բազմիցս տրված հարցումներին  դեռ պատասխան չեն ստացել։

Ախալքալաքի կայարանը, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնապես բացվել է ութ տարի առաջ, դեռևս աշխատում է փորձնական ռեժիմով։  

Վերջերս Տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնը (TCRC) հրապարակել էր վերլուծական զեկույց, ըստ որի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին գնահատվում է որպես ցածր ֆինանսական արդյունավետություն ունեցող նախագիծ։ Տրանսպորտային ներուժը օգտագործվում է ոչ բավարար։

 

«Նախագծի իրականացման վաղ փուլում պետության կողմից կայացված որոշումը՝ ֆինանսական և կառավարման վերահսկողությունը ադրբեջանական կողմին հանձնելը, իրեն չարդարացրեց», — ասվում է TCRC-ի զեկույցում։

Չնայած տարեկան 5 միլիոն տոննա նախագծային թողունակությանը, բացումից հետո այդ գծով տեղափոխվել է ընդամենը մոտ մեկ միլիոն տոննա տարանցիկ բեռ։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder