«Ժողովուրդ». կառավարությունն առաջնահերթ է համարում ՀԷՑ-ը «խլելու» ծրագիրը, իսկ պետական արևային պանելների սուբսիդավորման ծրագիրը չի երկարաձգվել
Օրվա մամուլ
08:24 23/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». կառավարությունն առաջնահերթ է համարում ՀԷՑ-ը «խլելու» ծրագիրը, իսկ պետական արևային պանելների սուբսիդավորման ծրագիրը չի երկարաձգվել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենախոշոր խոստումներից մեկը եղել է էներգետիկ անկախության ապահովումը։ Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այլևս կարևոր չի համարում արևային էներգիայի զարգացումը։ Մինչև այս տարվա հունիսի 31-ը գործած պետական սուբսիդավորման ծրագիրը չի երկարաձգվել, ինչի մասին «Ժողովուրդ»-ը պարզել է պաշտոնական աղբյուրներից։

Նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր արևային կայանների տեղադրման վարկերի տոկոսադրույքները տարբեր չափերով՝ կախված տեղադրման վայրից։ Մասնավորապես՝

– Բարձր լեռնային կամ/և սահմանամերձ բնակավայրեր – 14%

– Գյուղական բնակավայրեր – 12%

– Մարզային քաղաքներ – 11%

– Երևան քաղաք – 9%

Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս մինչև 10 մլն դրամ սահմանաչափով, մինչև 84 ամիս ժամկետով ստանալ վարկեր՝ սկսած 0% տոկոսադրույքից կամ վճարել 2-6% ընդամենը: Վարկերը տրամադրվում էին բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման նպատակով՝ ի նպաստ ավելի ցածր կոմունալ ծախսերի։

Սակայն այսօր, երբ նույնիսկ բանկերը դեռ կայքերից չեն հասցրել հեռացնել «պետական սուբսիդավորմամբ արևային վարկեր»-ի գովազդները, իրականությունն այլ է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի երկարեցրել ծրագիրը։

ՏԿԵՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, իսկ 2024 թվականի փետրվարի 23-ին, կառավարության որոշմամբ, ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2025-ի հուլիսի 1-ը: Ժամկետը լրանալու հիմքով՝ ծրագիրը դադարել է»:

Սա ոչ միայն հետքայլ է երկրի էներգետիկ անկախության ճանապարհին, այլ նաև հարված հազարավոր քաղաքացիներին, որոնք հույս ունեին տեղադրել արևային համակարգեր և նվազեցնել կախվածությունը Փաշինյանի «ատելի» ՀԷՑ-ից։

Փոխարենը՝ կառավարությունն առաջնահերթ է համարում ՀԷՑ-ը «խլելու» և վերահսկելու ծրագիրը, քանի որ սեփականատեր-բարերար Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ մասնակցելու Հայաստանում քաղաքական ընտրությունների»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder