Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անցած տարվանից գործող Մշակույթի զարգացման հիմնադրամը, որի հիմնական նպատակն է ժամանակակից միջոցների կիրառմամբ նպաստել մշակույթի զարգացմանը, հանրահռչակմանը, նպաստել մշակութային քաղաքականության արդյունավետ իրագործմանը, այս պահին արդեն համագործակցում է հայաստանյան 20 թանգարանների հետ, հետագայում այս ցանկն ավելանալու է։ Հիմնադրամի մեկ տարվա գործունեությունը ներկայացնելով՝ ասաց հիմնադրամի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։
Տարվա ընթացքում հիմնադրամի իրականացրած նախագծերից է Հայաստանի պատմության թանգարանում բացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» աննախադեպ միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվել է Բրիտանական թանգարանից հատուկ այս ցուցադրության համար Հայաստան բերված Անահիտ դիցուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։ Ռ.Գրիգորյանի ներկայացմամբ, այս ցուցահանդեսն ունեցել է Հայաստանի անկախ պատմության մեջ աննախադեպ քանակի այցելու՝ ավելի քան 55 հազար. «Հասարակության իրազեկման համար հիմնադրամի կողմից իրականացվել է համալիր PR արշավ՝ թվային ու ֆիզիկական ամենատարբեր միջոցներով»։
Հաջորդ նախագծերից է Թանգարանային գիշեր միջոցառումը։
«Միջոցառման հանրահռչակման համար հիմնադրամն իրականացրել է սոցիալական, մեդիա արշավներ։ Մեր կատարած աշխատանքի արդյունքում նույնպես գրանցել է աննախադեպ արդյունք՝ 100 հազարով ավելի այցելու նախորդ տարվա համեմատ»,- ասաց նա։
Հիմնադրամի իրականացրած նախագծերից է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառը, Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցել է առանձին տաղավարով, հիմնադրամը համակարգել է Հայաստանի մասնակցությունը Ֆրակոֆոնիայի 19-րդ գագաթաժողովին։
Հիմնադրամն աշխատանքներ է տանում նաև պատմական վայրերի արդիականացման ուղղությամբ, մասնավորապես Գառնու ու Զվարթնոցի տաճարներում մշակութային միջոցառումներ, երաժշտական փառատոներ կազմակերպելով՝ դարձնել սիրելի վայրեր երիատասարդների համար ։
«Պատմական տարածքներն ակտիվացնելով՝ նպատակ ունենք ներգրավել և ոգեշնչել երիտասարդ սերունդներին»,- ասաց Ռ.Գրիգորյանը։
Մշակույթի զարգացման հիմնադրամն իր գործունեության մեկ տարվա ամփոփիչ արդյունքերը ներկայացրեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում։ Ի դեպ, վայրը պատահական չէր ընտրված, քանի որ հիմնադրամը մշակել է նաև տուն-թանգարանի վերաբրեդնավորման հայեցակարգը։
Հիմնադրամը նաև շնորհակալագրեր հանձնեց լրագրողներին ու ինֆլուենսերներին` թանգարանային ոլորտը հանրահռչակելու համար։ Panorama.am կայքը նույնպես ստացավ շնորհակալագիր հիմնադրամի կողմից իրականացված նախագծերը լուսաբանելու, հանրահռչակելու համար։

