Փաշինյանը, գիտակցելով հավանական ռիսկերը, ընտրել է «սառեցման» մարտավարություն՝ ժամանակ շահելու համար. Սուրենյանց
Քաղաքական
18:11 27/07/2025
Հայաստան

Փաշինյանը, գիտակցելով հավանական ռիսկերը, ընտրել է «սառեցման» մարտավարություն՝ ժամանակ շահելու համար. Սուրենյանց

«Շաբաթներ շարունակ իշխանական քարոզչությունն ազդարարում է Վաղարշապատում «մեծ հոգևոր հավաք» և հնարավոր «երթ դեպի Վեհարան»։ Հանրային դիսկուրսում տարածվեց համոզումը, թե Վարդավառի մարդաշատ օրը կառավարությունը կնախընտրի ուժով պարպել լարվածությունը և թուլացնել Եկեղեցու հեղինակությունը։ 

Ես ի սկզբանե այս վարկածը համարել եմ վիճահարույց»,- գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Ըստ նրա, Վեհարանը, հատկապես Վարդավառի խորհրդանշական օրը, վայելում է լայն համակրանք․ ցանկացած ուժային միջամտություն կարող էր իշխանությունը կանգնեցնել զանգվածային անհնազանդության առաջ։ 

«Փաշինյանը, գիտակցելով հավանական ռիսկերը, ընտրել է «սառեցման» մարտավարություն՝ ժամանակ շահելու համար: 

Մի կողմից, Փաշինյանը՝ Եկեղեցու հետ կապված իր սկանդալային, հակասահմանադրական հայտարարությունների բերումով, իրեն դրել է փակուղու մեջ, մյուս կողմից՝ նա «մեծ հոգևոր հավաքի» կոնկրետ ժամկետներ չի նշել՝ իր համար թողնելով մանևրելու հնարավորություն: 

Ես գրեթե վստահ եմ, որ այս ուղղությամբ Փաշինյանի մոտ ակտիվություն կնկատվի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, երբ Վաղարշապատում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: 

Ընտրություններ ժամանակ, որպես կանոն, ադմինիստրատիվ ռեսուրսի կոնսոլիդացիան ավելի արդյունավետ է լինում: 

Մյուս կողմից, երկու գործընթացների մեկտեղումը և դրանց հնարավոր ձախողումը Էջմիածինը կարող են դարձնել Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի խորհրդանիշ»,- գրել է Ս.Սուրենյանցը։ 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder