Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում Հաջիևի ասածը շատ վտանգավոր ձևակերպում է. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
14:27 28/07/2025
Հայաստան

Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում Հաջիևի ասածը շատ վտանգավոր ձևակերպում է. Լևոն Զուրաբյան

«Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարություն է արել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև  ռազմական բախումը օրակարգային չէ»: Մեծն «խաղարարար» Նիկոլ Փաշինյանի քարոզիչները հրճված են, մատուցելով այս հայտարարությունը որպես «խաղաղության կուրսի» հաջողություն և արդյունավետության ապացույց»,- նշել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ 

Ըստ նրա, Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր ձևակերպում է:

«Հաջիևը չի ասում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմը կամ ռազմական գործողությունը այլևս բացառված է: Նա որևէ կերպ չի բացատրում կրակոցները և սրումը հայ-ադրբեջանական սահմանում` խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հայտարարված համաձայնությունից անմիջապես հետո:

Նա ընդամենը ասում է, որ պատերազմը «օրակարգային» չէ: Ով տեքստ և ենթատեքստ վերլուծել գիտի, անմիջապես կկռահի խաղաղասիրության քողի տակ թաքնված սպառնալիքը: Օրակարգը կայուն բան չէ, ինչ օրակարգային չէ այսօր, վաղը կարող է դառնալ օրակարգային: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ մի իրական քայլ չի անում դեպի խաղաղություն և շարունակում է պատերազմի հնարավորությունը բաց պահել: Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին»,- գրել է Լևոն Զուրաբյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում Հաջիևի ասածը շատ վտանգավոր ձևակերպում է. Լևոն Զուրաբյան