Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ն՝ Ավինյանի գլխավորությամբ, ուզում է Պուշկինի անվան դպրոց բերել տնօրենի իր սրտի թեկնածուին. Ավագանու անդամ
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ուսուցիչները, ծնողներն ակցիա են անում քաղաքապետարանի դիմաց։ Նրանց պահանջն է քաղաքապետարանից՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում անփոփոխ թողնել Զառա Բարսեղյանին։
Ուսուցիչները, ծնողները լրատվամիջոցներից են տեղեկացել՝ 122 դպրոցի տնօրենը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից և նշանակվել Պուշկինի դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
«Առանց պատճառի մեր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին փոխել են, այդ մասին մեզ պատշաճ կերպով չեն ծանուցել։ Լրատվամիջոցներից ենք տեղեկանում, որ կա թեկնածու, պատաստվում է մեզ մոտ գալ, իր անհրաժեշտությունը մեր դպրոցում կարևոր է, թերացումներ ունենք, շտկելու կարիք կա։ Սակայն, ըստ իսկ, դրա անհրաժեշտությունը չկա։ Մեր կոլեկտիվը շատ համախմբված է, պատշաճ կատարում ենք մեր պարտականությունները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցներից վեց հոգի քաղաքապետարանում հանդիպում են Հանրակրության կրթության վարչության պետի հետ։
Լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն ասաց, որ ՔՊ-ն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցել են ուսումնական հաստատությունների «հերն անիծելուն»՝ առանց լսելու ուսուցիչների, ծնողների կարծիքը, ընտրությունների նախաշեմին վերարտադրվելու խնդիր են լուծում։
«Ինչի՞ համար եք դուք ուզում այդ մարդուն փոխել, սա ուղիղ քաղաքական հարց է, նախընտրական ինչ-որ քայլեր են անում։ Պուշկինի անվան դպրոցը այն դպրոցներից մեկն է, որ իր համբավը պահել է դրական»,- ասաց նա։
Գ.Ստեփանյանը նշեց, որ ուսուցիչներն ու ծնողները հանդիպում են քաղաքապետարանի հանրակրթության պետի հետ, որին մասնակցում էին նաև ավագանու անդամները։
«Հենց հանդիպման ընթացքում վարչության պետը WhatsApp-ով նամակ ստացավ, որպեսզի հնարվորինս շուտ ազատվեն ավագանու անդամների ներկայությունից, որ չլսեն հերթական սուտը, խաբեն, ճանապարհեն։ Բայց ծնողները միահամուռ են, չեն նահաջելու և չեն պատրաստվում իրենց դպրոցը տալ այս մարդկանց, ՔՊ-ին՝ Ավինյանի գլխավորությամբ, որոնք ուզում են բերել իրենց սրտի թեկնածուին»,- ասաց Ստեփանյանը։
Նա վստահ է, որ խաբելու են ծնողներին, ստելու են։