Համագործակցություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկելու նպատակով «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակման ուղղությամբ
Մշակույթ
13:22 29/07/2025

Համագործակցություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկելու նպատակով «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։  ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, համագործակցության նպատակը Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակումն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկումն է:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,  «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի տնօրենի պարտականությունները կատարող Բորիս Գասպարյանը:

Կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքը, հանրահռչակումն ու հետագա սերունդներին փոխանցումը՝ կողմերը նախատեսում են համագործակցել՝ իրականացնելով համատեղ աշխատանքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակման ուղղությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է համագործակցության հուշագրի ստորագրումը և նշել, որ համատեղ գործադրած ջանքերի արդյունքում տարիների  դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում  գրանցվել են  նոր հուշարձաններ, և այս գործընթացը պետք է լինի շարունակական:  

«Իրականացվող աշխատանքը միտված է նաև երկրի տեսանելիության բարձրացմանը և զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ կարևոր աշխատանքի համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder