Ռուսական արվեստի թանգարանում կցուցադրվեն Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի արևելյան և աֆրիկյան դիմակների կոմպոզիցիաներով նատյուրմորտները
Մշակույթ
17:50 29/07/2025
Հայաստան

Ռուսական արվեստի թանգարանում կցուցադրվեն Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի արևելյան և աֆրիկյան դիմակների կոմպոզիցիաներով նատյուրմորտները

Օգոստոսի 1-ին, ժամը 17։00-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․Ա․Աբրահամյանի հավաքածու)  տեղի կունենա «Դիմակը՝ կերպար և գաղափար» խորագրով ցուցահանդեսը։ Այն միջթանգարանային համագործակցություն է Ռուսական արվեստի թանգարանի, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսը կտևի երկու ամիս։ Համադրող՝ Գոհար Սմոյան։

Ցուցահանդեսի կազմակերպիչների ներկայացվմամբ, ցուցահանդեսում ներկայացվելու են Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի արևելյան և աֆրիկյան դիմակների կոմպոզիցիաներով նատյուրմորտները/60-80-ական թվականներ/ և Ազգագրության թանգարանի հնագիտական  բաժնի աֆրիկյան դիմակների, քանդակների հավաքածուից Նիգերիայի, Կոնգոյի, Գվինեայի, Տանզանիայի դիմակները/60-70-ական թվականներ/։

Խորհրդահայ նկարչուհիներ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերն իրենց` արտերկյա ճանապարհորդությունների ժամանակ վրձնած չինական, ճապոնական, աֆրիկյան դիմակներով և քանդակներով  նատյուրմորտներում փորձել են ցույց տալ պատմական  տարբեր ժամանակաշրջանների բնութագրերը՝ կոմպոզիցիաներում ներկայացնելով  դիմակների տարբեր գաղափարական գործառույթները՝ ծիսական, էթնիկ, սոցիալական։ Ասլամազյանները, հանդես գալով որպես մտավորականներ, կարևորել են տարբեր ազգերի և ժողովուրդների միջև ձևավորվող փոխհարաբերությունները՝ դիտարկելով դիմակները որպես այդ փոխհարաբերություններն ամրագրող, նաև մշակութային տարբեր ժառանգությունների և ավանդույթների մասին  պատմող, արձանագրող վկաների։ Քույրերի նատյուրմորտները համատեղ ցուցադրվելու են Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հնագիտական  բաժնի աֆրիկյան դիմակների, քանդակների հավաքածուի հետ, որտեղ ներկայացված  են Նիգերիայի, Կոնգոյի, Գվինեայի, Տանզանիայի դիմակները, որոնք հայտնվել են թանգարանում  20-րդ դարի կեսերին  ավանդական աֆրիկյան արվեստի գործերի` Արևմուտք  արտահանման  արդյունքում։

Այսօր   այդ  դեկորատիվ պատկերազարդված դիմակներին անդրադառնալը կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս  պրագմատիկ, իրապաշտական աշխարհում մարդկանց անհավատ լինելը, պատասխանատվության, խղճի բացակայությունը։ Այս  ցուցադրությունը փորձ է` մարդկանց  վերադարձնելու հրաշքի, մոգական ուժի սպասման ռոմանտիկ պատկերացումները։ Այդ ուժը զսպում է մարդկանց ամենաթողությունները, նպաստում է կարևորել  մարդուն ընտանեկան կապերում, կնոջը՝ որպես հուշապահպանի և պատմությունը սերունդներին  փոխանցողի դերակատարման մեջ և հայրենի արմատների նկատմամբ ունեցած բարոյական արժեքներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder