Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վատ նախադեպ է, ինչքանո՞վ ենք վստահ, Աստված մի արասցե, որ Արցախյան հերոսամարտին նվիրված հուշարձանների հետ էլ նույն ձև չեն վարվի. Քանդակագործ
Տևական ժամանակ է Արթիկ համայնքի շատ բնակիչներ, արվեստագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ ահազանգում են՝ Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը։
Պատմաբան, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը գրել է. «Արթիկի տեղական իշխանությունները որոշում են կայացրել ապամոնտաժել և տեղափոխել Արթիկում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը։ ՀՀ կառավարությունն էլ իր հերթին թույլատրել է հուշարձանի ապամոնտաժումն ու տեղափոխությունը։
Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում 1965թ-ին կառուցված հուշակոթողը հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունի ու անհասկանելի է, թե ինչո՞վ է այն խանգարում հրապարակին, որ փորձում են ապամոնտաժել։
Մտավախություն կա, որ ապամոնտաժումը իրականում նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Վերջինս փորձում է գնալ Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների ու Ուկրաինայի հետքերով, որտեղ հակառուսական քաղաքականության շրջանակներում մասսայաբար ոչնչացնում են Հայրենական պատերազմի հետ կապ ունեցող հուշարձանները։
Եթե հաջողվեց Արթիկում ապամոնտաժել հուշարձանը, ապա մեծ հավանականությամբ այս օրինակին կարող են հետևել նաև մյուս համայնքները»։

Panorama.am-ի հետ զրույցում Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանն ասաց, որ Հայաստանում երբեք պետական մշակութային ժառանգություն համարվող, անձնագիր ունեցող հուշարձան չի ապամոնտաժվել, անհրաժեշտության դեպքում տեղում է վերականգնվել։
«Եթե հիշում եք, Երևանում շենքերից մեկը փորձեցին համարակալել, ապամոնտաժել և այլ տեղ հավաքել։ Մինչև հիմա չի հավաքվել ու չի հավաքվելու։
Այս դեպքում խոսքը գնում է Հայրենական մեծ պատերազմի զոհված զինվորների փառքի հուշարձանի մասին, որոնք այսօր աշխարհում հակառուսական տրամադրություններով պայմանավորված ապամոնտաժվում են։
Եթե Հայաստանում առաջին անգամ նմանատիպ հուշարձան է ապամոնտաժվելու, թեև թույլ երանգով փորձում են նաև հավաստիացնել, որ վաղը կհավաքվի... Ոչ թե մտավախություն ունեմ, այլ անհանգստություն ունեմ և առավել քան ենթադրում եմ, որ դա երկարաձգվելու է։ Այսինքն, եթե այսօր ապամոնաժեն, վաղն ինչ-որ տեղ հավաքելը դառնալու է այդ համայնքի համար գլխացավանք»,- ասաց քանդակագործը։
Նա նշեց, որ ԿԳՄՍ նախարարության և ապամոնտաժման հարցով հետաքրքրվածների կողմից հրապարակված փաստաթղթերում նշվում է 5 միլիոն դրամ. «Նման ծավալի հուշարձան ապամոնտաժել և վերականգնել հնարավոր չէ այդ գումարով, գումարը շատ քիչ է»։
Ա. Գևորգյանը նաև նշեց, որ հուշարձանի ապամոնտաժման ու տեղափոխման հետ կապված հետաքրքրվածների շրջանակում հանրային քննարկում չի եղել։ Ըստ նրա, հետաքրքրվածների շրջանակում են այլ համայնքներից մասնագետներ, պատերազմի մասնակիցների զավակներ ու իրավահաջորդներ, այլ մտահոգ քաղաքացիներ, որպեսզի հասկանան, թե ինչքանով է հիմնավոր հուշարձանի տեղափոխությունը։
Նա ասաց, որ անգամ տեղական մշակութային ժառանգություն համարվող, անձնագիր ունեցող ցանկացած կառույց, որն իրենից արժեք է ներկայացնում, տեղափոխման, մնացած գործընթացների համար պետք է ունենա կառավարության որոշում, որտեղ մի քանի կետերով հիմնավորվի գործընթացը։
Ինչո՞ւ են ուզում հուշարձանն ապամոնտաժել ու տեղափոխել
«Հանդիպումների ժամանակ, նաև պատասխանատուների հետ խոսակցության ընթացքում լսել եմ՝ ասում են, այդ հուշարձանը փակում է Արթիկի համայնքապետարանի շենքը։ Դա ամենամեծ աբսուրդն է։ 1957 թվականին ձեռնարկված և 1965 թվականին բացված հուշարձանը և համայնքապետարանի շենքը, հարակից շենքներն ունեն քաղաքաշինական հստակ գիծ, կառուցվածք, մեկը մյուսին չեն խանգարում։ Այսինքն միջավայրը քաղաքաշինական նորմատիվներին, քաղաքաշինական գծին համապատասխան են։
Ասում են՝ սարքելու են հանգստի գոտի։ Հուշարձանի տարածքում ևս շատրվան, նստարան կա, տարածք, որը վերականգնելուց հետո կարող է դառնալ հանգստի տարածք։ Բնականաբար, աբսուրդ է մի հանգստի տարածքն ապամոտաժելն ու մեկ այլ հանգստի տարածք կառուցելը»,- ասաց Ա.Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ բարոյականության և արժեհամակարգային լուրջ ճգնաժամ է ստեղծվում, երբ որ Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի հուշարձան է ապամոնտաժվում։
«Հարցը գաղափարական է. արդյո՞ք ուրանում ենք մեր պապերի թողած հաղթանակը, չե՞նք ընդունում այդ հաղթանակը։ Լուրջ հարց է՝ իսկ ի՞նչ հիմքով ենք մենք դաստիարակելու մեր ապագա սերունդներին։ Շատ վատ նախադեպ է ստեղծվում, եթե այսօր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձան է ապամոնտաժում, կապ չունի՝ վաղը կհավաքվի մի տեղ, թե ոչ, վաղը ինչքանո՞վ ենք վստահ, Աստված մի արասցե, որ Արցախյան հերոսամարտին նվիրված հուշարձանների հետ կապված նույն ձև չեն վարվի քաղաքաշինական տարբեր պատճառաբանություններով։ Ինչքանով ենք վստահ դրանում»։

Panorama.am-ը դիմեց Արթիկի համայնքի ղեկավարի օգնական Սևակ Պետոյանին, պարզելու՝ արդյո՞ք հուշարձանը ապամոնտաժվում է, տեղափովո՞ւմ է, եթե այո՝ ի՞նչ նպատակով է դա արվում։
«Մոտ օրերս Արթիկի համայնքապետարանը նշված հարցի շուրջ պաշտոնական հայտարարություն կտեղադրի, միգուցե մամուլի ասուլիս կհրավիրի, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,- ասաց Պետոյանը։
