Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տարեցտարի մաշկաբանությունը շարունակում է կայուն կերպով դասվել առավել մրցակցային և պահանջված կլինիկական մասնագիտությունների շարքին՝ թե՛ համաշխարհային, և թե՛ ազգային մակարդակով։ Կլինիկական օրդինատուրայի սահմանափակ թվով տեղերի համար դիմողների թիվը հասնում է տասնյակների, իսկ որոշ երկրներում՝ նույնիսկ հարյուրների, ինչի հետևանքով ձևավորում է սուր և լարված մրցակցային միջավայր։
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում մաշկաբանությունը ըստ կլինիկական օրդինատորների մասնագիտական նախասիրությունների զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն ճառագայթային ախտորոշման մասնագիտությանը։
Բնականաբար առաջանում է հետևյալ հարցադրումը՝ ի՞նչ գործոններով է պայմանավորված մաշկաբանության նկատմամբ այսպիսի կայուն և հետևողական հետաքրքրությունը։
Մաշկաբանությունը բազմապրոֆիլ կլինիկական մասնագիտություն է, որն ընդգրկում է մաշկի, մազերի, եղունգների, ճարպագեղձերի, քրտնագեղձերի, ինչպես նաև լորձաթաղանթների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման լայն շրջանակ։ Բացի այդ, մաշկաբանությունը զբաղվում է նաև մաշկի էսթետիկական խանգարումների վերականգնմամբ։ Սա ոլորտ է, որը սերտորեն փոխկապակցված է մի շարք հարակից մասնագիտությունների հետ, այդ թվում՝ ուռուցքաբանության, տրիխոլոգիայի, վեներաբանության, իմունոլոգիայի, ինչպես նաև պլաստիկ և այրվածքաբանական վիրաբուժության։
Մաշկը, հանդիսանալով մարդու մարմնի ամենախոշոր և ֆունկցիոնալ առումով բարդ օրգան, ենթարկվում է բազմաթիվ հիվանդությունների, որոնք ունեն տարաբնույթ ծագում՝ վարակային և աուտոիմուն բնույթիից մինչև նյութափոխանակական և ուռուցքային։ Համապատասխանաբար, մաշկային հիվանդությունների սպեկտրը բացառիկ լայն է։ Մաշկաբանական հիվանդությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք հաճախ համակցվում են սոմատիկ և համակարգային հիվանդությունների հետ՝ միաժամանակ ունենալով զգալի ազդեցություն հիվանդի հոգեհուզական վիճակի և կյանքի որակի վրա։
Մաշկաբանության հանդեպ կայուն հետաքրքրությունը պայմանավորված է մի շարք կարևոր գործոններով։ Նախ և առաջ՝ մաշկային հիվանդությունների համաշխարհային տարածվածության անընդհատ աճով։ Համաձայն ԱՀԿ տվյալների՝ մաշկային հիվանդությունները աշխարհի տասը ամենատարածված հիվանդությունների շարքում են և ազդում են երկրի բնակչության գրեթե մեկ երրորդի վրա՝ անկախ տարիքից, էթնիկ պատկանելությունից և սոցիալ-տնտեսական վիճակից։
Ամերիկյան մաշկաբանության ակադեմիայի տվյալներով՝ առավել տարածված մաշկային հիվանդություններն են․
• Ատոպիկ դերմատիտը․ ախտահարում է երեխաների մոտ 15%-ից 30%-ի և մեծահասակների մոտ 2%-ից 10%-ի,
• Փսորիազը ․քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, որը ախտորոշվում է բնակչության 2–4%-ի մոտ,
• Սեբորեային դերմատիտը․ տարածված է գլոբալ բնակչության 4.4%-ի մոտ՝ հիմնականում մեծահասակների շրջանում,
• Ակնեն․ կյանքի ընթացքում ախտորոշվում է առնվազն դեռահասների 28%-ի և մեծահասակների 20.5%-ի մոտ։
Դերմատոլոգիական օգնության պահանջարկի աճը մեծապես պայմանավորված է նաև ժողովրդագրական փոփոխություններով և կոսմետիկ մաշկաբանության արագ զարգացմամբ։ Բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխությունը և ծերացումը հանգեցնում են մաշկի տարիքային հիվանդությունների և էսթետիկական խանգարումների տարածման և բուժման կարիքների աճին։
Տարիքային փոփոխությունների շտկմանն ուղղված ծառայությունները, ինչպես նաև կոսմետիկ թերությունների վերացումը (բոտուլոտոքսինի ներարկումներ, դերմալ ֆիլլերներ, լազերային միջամտություններ, միկրոդերմաբրազիա և այլն) ներկայումս դառնում են առավել հասանելի և պահանջված։
Կոսմետիկական մաշկաբանության ծառայությունների պահանջարկի աճին նպաստող կարևոր գործոններից է բնակչության աճող հետաքրքրությունը սեփական արտաքին տեսքի պահպանման և բարելավման նկատմամբ, ինչպես նաև երիտասարդ տեսքը երկարաժամկետ պահպանելու ձգտումը։ Այս միտումը պայմանավորված է բնակչության կյանքի որակի ընդհանուր մակարդակի բարձրացմամբ։ 2000-ականներից ի վեր այդ միջամտությունների պահանջարկը աշխարհում զգալիորեն աճել է․ կախված միջամտության տեսակից՝ 115%-ից մինչև 460%։ Միայն 2023 թվականին ողջ աշխարհում իրականացվել է շուրջ 34.9 միլիոն էսթետիկ միջամտություն։
Ներկայումս կոսմետիկական մաշկաբանությունը համարվում է կլինիկական պրակտիկայի առավել եկամտաբեր ուղղություններից մեկը։ Այս ոլորտում բժշկի եկամուտը հիմնականում պայմանավորված է կատարված միջամտությունների ծավալով և այցելուների հոսքով, ինչը մասնագիտությունն ավելի գրավիչ է դարձնում ինչպես գործող մասնագետների, այնպես էլ ապագա բժիշկների համար։
Մաշկաբանության գրավչությունը պայմանավորված է նաև դրա ակտիվ ներկայությամբ թվային տարածքում։ Վերջին տասնամյակում ձևավորվել է այսպես կոչված «դերմֆլուենսերների» ֆենոմենը՝ մաշկաբաններ, որոնք սոցիալական ցանցերում կրթական և լուսավորչական բովանդակությամբ բլոգեր են վարում։ Այս նոր միտումը հաջողությամբ համադրում է կլինիկական պրակտիկան, մեդիահարթակների գործիքակազմը և ձեռներեցության տարրերը՝ բարձրացնելով մասնագիտության տեսանելիությունը, խթանելով հետաքրքրությունը բժշկական բուհերի ուսանողների շրջանում և ձևավորելով վստահություն հանրության շրջանում։
Առողջապահության ոլորտի կադրային ապահովման հարցերով զբաղվող AMN Healthcare ընկերության (ԱՄՆ) կողմից իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ ապագա բժիշկները, որոնք ընտրում են մաշկաբանության մասնագիտությունը, որպես դրա գրավչության հիմնական գործոններ նշում են՝
• մասնագիտական գործունեության և անձնական կյանքի միջև բարենպաստ հավասարակշռությունը (հարմար աշխատանքային գրաֆիկ, գիշերային հերթապահությունների բացակայություն),
• ուսուցման համեմատաբար կարճ տևողությունըը,
• արագ ախտորոշման հնարավորությունը, հաճախ առանց բարդ հետազոտությունների անհրաժեշտության,
• կլինիկական բազմազանությունը՝ քրոնիկ մաշկային հիվանդությունների բուժումից մինչև բարձր տեխնոլոգիական կոսմետիկ միջամտությունների իրականացում։
• Բարձր եկամտաբերությունը,
• Պացիենտների բարձր բավարարվածությունը մատուցված ծառայություններից։
Միևնույն ժամանակ, հարկ է առանձնացնել ևս մեկ կարևոր գործոն, որը զգալի ազդեցություն է ունենում մաշկաբանության՝ որպես բժշկական մասնագիտության գրավչության վրա։ Խոսքը վերաբերում է տեխնոլոգիաների արագ զարգացմանը և ժամանակակից ախտորոշման ու բուժման մեթոդների ներդրմանը, որոնք էականորեն փոխում են մաշկաբանական պրակտիկայի բնույթը։ Նշվածը մասնագիտությունն առանձնապես գրավիչ է դարձնում այն մասնագետների համար, ովքեր կողմնորոշված են նորարարություններին և ձգտում են իրենց աշխատանքում համադրել գիտության և կլինիկական բժշկության առաջատար նվաճումները։ Արհեստական բանականության ալգորիթմների կիրառումը մաշկաբանական հիվանդությունների ախտորոշման գործընթացում զգալիորեն բարձրացնում է կլինիկական որոշումների ճշգրտությունը և արդյունավետությունը։
Այս բոլոր գործոնների փոխազդեցությունը ձևավորում է մաշկաբանության ժամանակակից ընկալումը՝ որպես բարձր տեխնոլոգիական, դինամիկ զարգացող և հասարակական նշանակության կարևորագույն բժշկական ոլորտ։ Արդյունքում մաշկաբանությունը իրավամբ զբաղեցնում է իր առաջատար տեղը 21-րդ դարի ամենահեռանկարային կլինիկական մասնագիտությունների շարքում։