Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը, նաև Հայաստանը հասկանում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ռիսկերը. Զախարովա
Քաղաքական
16:55 30/07/2025
Տարածաշրջան

Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը, նաև Հայաստանը հասկանում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ռիսկերը. Զախարովա

Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանի ներուժն օգտագործելու Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՌԴ-ն ինչպես է արձագանքում ՆԱՏՕ-ի հետ մերձանալու մասին Ադրբեջանում հնչող կոչերին:

«ՆԱՏՕ-ն որպես դաշինք և նրա առանձին անդամ պետությունները արդեն մի քանի տարի փորձում են ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում», - ասել է դիվանագետը և հավելել «Ո՞րն է դաշինքի նպատակը: Կարծում եմ՝ դա ակնհայտ է՝ տարածաշրջանի երկրների ներուժն ու ռեսուրսներն օգտագործել Արևմուտքի կոլեկտիվ շահերից ելնելով, հատկապես մեր երկրի հետ աշխարհաքաղաքական դիմակայության առումով»:

Միևնույն ժամանակ, Զախարովան նշել է, որ Արևմուտքին «հետխորհրդային տարածքում որևէ հավասար հարաբերություն պետք չէ, նրանք պետք է վերցնեն ռեսուրսներ, երկրները միմյանց դեմ հանեն, ամեն ինչ կրակի մատնեն և վարվեն ինչպես տիպիկ գաղութարարներ, ստրկացնողներ և իմպերիալիստներ»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև հույս հայտնեց, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, նաև Հայաստանը, գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ խորացող համագործակցության հետ կապված իրավիճակի սրման բոլոր առկա ռիսկերը։

«Բոլորը գիտեն, թե ինչով է սա ավարտվում՝ որտեղ էլ որ հայտնվի Հյուսիսատլանտյան դաշինքը, այնտեղ պարտադրվում է առճակատում, աճում է ռազմական լարվածությունը, և մոռացվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են խաղաղությունն ու կայունությունը», -ասաց Զախարովան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը, նաև Հայաստանը հասկանում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ռիսկերը. Զախարովա