Հայաստանում տարածված է uեռական շահագործման և հարկադիր աշխատանքի թրաֆիքինգի ձևերը. Տիգրան Կիրակոսյան
Իրավունք
11:57 30/07/2025
Հայաստան

Հայաստանում տարածված է uեռական շահագործման և հարկադիր աշխատանքի թրաֆիքինգի ձևերը. Տիգրան Կիրակոսյան

«Այսօր՝ Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրը մեկնարկում է «Կապույտ սիրտ» արշավը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ԱՍՀՆ Հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Անի Թաթոյանը։

Նա նշեց, որ 2020 թվականից Հայաստանը միանալով այդ արշավին՝ ամեն տարի այս օրը ԱՍՀՆ-ն, համագործակցելով գործընկեր կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների հետ սկսում է 5-ամսյա իրազեկման արշավ՝ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը թրաֆիքինգի ոլորտում և կանխարգելելու նման միջազգային բնույթի հանցագործությունները։

Անի Թաթոյանը նշեց, որ արշավն ավարտվում է դեկտեմբերի 2-ին՝ «Ստրկության դեմ պայքարի» միջազգային օրը։

«Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանը հայտնեց, որ խոցելի խմբերի և ընդհանուր երիտասարդության շրջանում իրազեկման աշխատանքներն իրենք իրականացնում են պետական ֆինանսավորմամբ՝ համաձայն Թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագրի։

Նա նշեց, որ եթե նախկինում թրաֆիքինգը իրականացվում էր կոնտակտի միջոցով, ապա ներկայում այն տեղափոխվել է համացանց, այդ պատճառով էլ իրազեկման և կանխարգելման աշխատանքները տեղափոխվել են ինտերնետ հարթակ։

Արզուման Հարությունյանի խոսքով՝ իրազեկման շրջանակներում մասնավոր և հանրային մուլտիպլեքսով կտարածվեն տեսահոլովակներ և հանդիպումներ կկազմակերպվեն դպրոցներում և մանկապարտեզներում։

 ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի,անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանն էլ հայտնեց որ 2020 թվականին Հայաստանում գրանցվել է թրաֆիքինգի 10 դեպք, որից մեկը՝ սեռական շահագործման, 2021 թ.-ին ՝16 դեպք(7 աշխատանքային, 9 սեռական շահագործման), 2022թ.-ին՝ 8 գործ (4-ական աշխատանքային և սեռական շահագործման), 2023 թ.՝ 27 քրեական վարույթ(4 սեռական, 23 աշխատանքային), 2024 թվականին՝ 38 վարույթ (20՝ սեռական, 18՝ աշխատանքային)։

 «2025 թվականի առաջին կիսամյակին  եղել է թրաֆիքինգի 22 քրեական վարույթ՝ 15 սեռական և 7 աշխատանքային։ Հայաստանում տարածված է հարկադիր աշխատանքի և սեռական շահագործման թրաֆիքինգի ձևերը»,-հայտնեց Կիրակոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder