Կրթության ոլորտում բարեփոխումների, չափորոշիչների, ատեստավորումների արդյունքն այն է, որ ունենք շատ ավելի վատթար վիճակ. Ատոմ Մխիթարյան
Կրթություն, գիտություն
14:21 31/07/2025
Հայաստան

Կրթության ոլորտում բարեփոխումների, չափորոշիչների, ատեստավորումների արդյունքն այն է, որ ունենք շատ ավելի վատթար վիճակ. Ատոմ Մխիթարյան

«Այդ պնդման հետ որևէ մեկը որևէ խնդիր չի կարող ունենալ, բայց արդյո՞ք մենք ապահովում ենք, որպեսզի լավ սովորողը նաև լավ ապրի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով կառավարության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանի բարձրացրած պլակատի և «ուղերձի»՝  «Լավ սովորիր, որ լավ ապրես» մասին։

Նրա խոսքով, այդ կարգախոսին պետք է հետևի կոնկրետ քայլեր։

«Իհարկե, հանրակրթական չափորոշիչները փոխվեցին, դա կարելի է  գնահատել դրական միտում, որ ինչ-որ մի բան փոխվում է, բայց իրականության մեջ ինչ տեղի ունեցավ՝ բազմաթիվ դասարաններում դասագրքեր չկան, որոնք լրացուցիչ խնդիրներ են առաջացնում և ուսուցիչների, առավել ևս աշակերտների համար»,- ասաց Մխիթարյանը։ 

Նա ընդգծեց, որ 100-ից ավելի դպրոցում ավելի քան 1000 ուսուցչի թափուր տեղ կա։

«Մեզ մոտ ընդունվող որոշումները կցկտուր են։ Այդ որոշումները նման են կարկատանների։  Մի կարկատանն անում ենք, այսինքն մի որոշմամբ մի անցքը փակվում է, բայց մեկ այլ տեղից է անցք բացվում։ Այդպես կարկատանի վրա կարկատան է արվում և ստացվում է, որ  մեր կրթական համակարգն այսօր ցնցոտիների մեջ է։

Որակյալ կրթությունն անընդհատ զիջում է  իր դիրքերը Հայաստանում, սա ակնհայտ երևում է, երբ որ մեր երեխաների կրթական մակարդակը համեմատում ենք հարևան երկրների հետ։

Կարելի է համեմատալ սրանից 10 տարի առաջվա հետ էլ. պարզվում է՝ էլի վատացել է. բոլոր բարեփոխումների, չափորոշիչների, ատեստավորումների արդյունքն այն է, որ մեզ մոտ ունենք շատ ավելի վատթար վիճակ, քան  ունեինք 10 տարի առաջ, քան ունեն մեր համեմատական երկերները հենց հիմա»,- ասաց կրթության փորձագետը։

Ա.Մխիթարյանը նաև կասկածում է, որ ազգային արժեքներից կտրված երեխան կկարողանա լավ սովորել, դրանից հետո էլ լավ ապրել։

«Մենք կկորցնենք սերունդ, իսկ սերունդ կորցնել նշանակում է երկիրը կորցնել։ Չէ որ եթե դու այնպիսի արժեքներով ես դաստիարակում սերունդը կամ ընդհանրապես չես դաստիարակում, վաղն այդ սերունդը տիրապետող է լինելու նաև քաղաքական մակարդակում, պետական պաշտոններ են զբաղեցնելու և իրենց վարք ու բարքով, պահվածքով կարող են ուղղակի հիմնահատակ ավերել մեր երկիրը»,- ասաց կրթության փորձագետ Ա. Մխիթարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder