Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալի պաշտպան հայտարարել է՝ Սոնան դիտավորությամբ փորձել է խոչընդոտել վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ընթացքը. Ասլանյան
Իրավունք
14:10 01/08/2025
Հայաստան

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալի պաշտպան հայտարարել է՝ Սոնան դիտավորությամբ փորձել է խոչընդոտել վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ընթացքը. Ասլանյան

 «Եթե խաչմերուկը կարգավորվում է կարգավորողի ազդանշաններով, ապա չեն գործում ճանապարհային երթևեկության նշանները, գծանշումները և լուսացույցի ազդանշանները։  Տվյալ դեպքում կարգավորողի ազդանշանները արգելել են հետիոտնի անցումը երթևեկելի մասով և թույլատրել են Ա․ Նավասարդյանին մուտք գործել խաչմերուկ»,- այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։

Նա հայտարարության մեջ նաև նշել է. «Ըստ դատարանի արդար վերդիկտի ստացվում է,որ և հետիոտնը և վարորդը խաչմերուկը կարգավորողի պայմաններում,հետիոտնը լույսացույցի կանաչ լույսի,իսկ վարորդը կարգավորողի թույլատրող ազդանշանի պայմաններում են մուտք գործում խաչմերուկ,որը աբսուրդ է․․․Լուրջ մտածեք այս ուղղությամբ․․․ Սոնա Մնացականյանը ունենալով վարորդական իրավունքի վկայական պարտավոր էր քաջ գիտակցել,որ կարգավորողի թիկունքի և կրծքի կողմից հետիոտների տեղաշարժն արգելված է․․․

- Սոնա Մնացականյանը վրաերթի է ենթարկվել ճանապարհը ձախից դեպի աջ հատելու ընթացքում,

Այն, որ Ս․ Մնացականյանը վրաերթի է ենթարկվել ճանապարհը ձախից դեպի աջ հատելու ընթացքում, դա ակնհայտ սուտ է։ Ս․ Մնացականյանը ճանապարհը հատելով դուրս է եկել Ա․ Նավասարդյանի ընթացագոտուց, անցել 1,5մ տարածություն և կանգնել, որից հետո 3 հետքայլ կատարելու հետևանով՝ ենթարկվել է վրաերթի։

Ընդ որում՝ կանգնելու պահին Ս․ Մնացականյանը դեմքով ուղղված է եղել դեպի Վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։ Այսինքն՝ դեմքով դեպի շուրջ 15 լուսային և ձայնային ազդանշաններ միացված ավտոմեքենաների շարասյան ուղղությամբ։

Հարց է առաջանում՝ տեսնելով շարասյան ընթացքը ինչ նպատակով չի շարունակել հատել ճանապարհը, այլ կանգնել է և դրանից հետո ինչ նպատակով է հետքայլ կատարել, երբ իր առջևից մոտ 1 մետր առաջ քայլող կինը՝ արագացնելով քայլերը, ընդհանրապես դուրս է եկել երթևեկելի մասից։

Ըստ անկողմնակալ դիտորդի և ինձ՝ Ս․ Մնացականյանը վերջին պահին որոշել է խոչընդոտել շարասյան ընթացքը ․․․»:

Հայտարարությանն արձագանքել է տուժողի իրավահաջորդ Րաֆֆի Ասլանյանը. «Սոնա Մնացականյանի վրաերթի գործով մեղադրյալի պաշտպանն այսօր կրկին հայտարարել է, որ Սոնան վերջին պահին դիտավորությամբ փորձել է խոչընդոտել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ընթացքը։ Իհարկե, դեպքի տեսագրությունը բոլորին է հասանելի, իսկ նման հայտարարության բարոյական կողմը չքննարկենք, բայց դրանից տպավորություն է ստեղծվում, որ ոմանց ընկալմամբ՝ վրաերթի ենթարկված հանգուցյալն առերևույթ ահաբեկիչ էր, իսկ նրան վրաերթի են ենթարկել ահաբեկչական ակտը կանխելու նպատակով, գուցե նաև վերադասի ցուցումո՞վ…։ Ապա, ի՞նչ անզգույշ հանցանքի մասին է խոսքը, ստացվում է, որ տուժողի սպանության իրավաչափության պայմաններ պետք է քննարկվեն։ Սա ահազանգ է իրավապահ մարմիններին, քանի որ պաշտպանի՝ նման ընկալումը (իբրև Սոնան դիտավորյալ խոչընդոտել է շարասյան ընթացքը) գուցե դեպքի պահին ունեցել են նաև ավտոշարասյան մեքենաների մեջ գտնվող անձինք, հատկապես ղեկավար կազմը»։ 

Հիշեցնենք, որ դատարանը Արամ  Նավասարդյանը մեղավոր է ճանաչել 2003 թ. ընդունված ՔՕ 242-րդ 2 մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելըորն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված արարքներում։

Գործող օրենսդրության համաձայն՝ պատժի տեսակը կհրապարակվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder