Արցախում բռնկված հրդեհները կազմակերպված են և միտումնավոր չեն մարվում. Հովիկ Ավանեսով
Քաղաքական
16:56 01/08/2025
Հայաստան

Արցախում բռնկված հրդեհները կազմակերպված են և միտումնավոր չեն մարվում. Հովիկ Ավանեսով

Ավելի քան 10 օր է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում բռնկված հրդեհները չեն մարվում, օրեցօր նոր տարածքներ են ընդգրկում։  Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակից Հովիկ Ավանեսովը կարծում է, որ հրդեհը միտումնավոր չեն մարում և այն ի սկզբանե կազմակերպված է եղել հատուկ նպատակով՝ հրդեհվող բնակավայրերի մերձակայքում իրականացրած վանդալիզի հետքերի ոչնչացում, ինչպես նաև այն բնակավայրերում, որտեղ նախատեսել են ապօրինի ծրագրեր իրականացնել, տարածքի ազատում։

«Դրա լավագույն մեխանիզմներից մեկը  բնական աղետի անվան տակ նման մշակութային ցեղասպանություն իրականացրելն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հ.Ավանեսովը։

Ըստ նրա, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավելով ավելի քան 600 հրշեջ՝ ուզում են աշխարհին ցույց տալ, որ համապատասխան տեխնիկական միջոցներ են ներգրավել հրդեհը մարելու համար, բայց չի ստացվում։

«100-ից ավելի  պատմամշակութային կարևոր  նշանակություն ունեցող արժեքներ են գտնվում հրդեհի մերձակա բնավայրերում։  Այդ հուշարձանները, ընդհանրապես, Արցախի ամբողջ պատմամշակութային ժառանգությունը,  համամարդկային նշանակություն ունեցող արժեք է, ոչնչացնելով ցանկացած հուշարձան՝ Ադրբեջանը հարվածում է ոչ միայն հայկական ինքնությանը, այլ համաշխարհային քաղաքակրթությանը»,- ասաց նա։

Ավանեսովի խոսքով, Ադրբեջանը ոչ միայն մշակութային ցեղասպանություն է  փորձում իրականացնել, իրականում այդ հրդեհը էկոլոգիական մեծ աղետ է տարածաշրջանի համար։

Նա նաև նշեց, որ Ադրբեջանն ունի հայկական տասնյակ եկեղեցիների իբր «վերականգնման» ծրագրեր, բայց իրականում կեղծ վերանորոգման անվան տակ հեռացնում են հայկական հետքը. «Որպեսզի միջազգային հանրությանը, աշխարհին  բացատրեն, թե ինչու են իրականցնում «վերականգնողական» աշխատանքներ, նման հրդեհներ են կազմակերպում՝ ցույց տալու, որ այդ հուշարձանները տուժել են հրդեհից, մենք վերականգնում ենք, բնականաբար, դրա քողի տակ ոչնչացնելով հայկական հետքը»։

Ավանեսովը հիշեցրեց, որ սա հայկական անտառները  հրդեհելու Ադրբեջանի առաջին փորձը չէ. այս նույն մեթոդաբանությունը կիրառվել էր 2020 թ․ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ։ Այդ ընթացքում Ադրբեջանը օգտագործել էր միջազգային իրավունքով արգելված ֆոսֆորային զինատեսակներ՝ միտումնավոր հրկիզելով Արցախի անտառները։

Ավանեսովի խոսքով, եթե Ադրբեջանը նույն տեմպերով, ծավալներով շարունակի վանդալիզի դեպքերը, պարբերաբեր հրդեհներ կազմակերպելով, առաջիկա 10-15 տարվա ընթացքում Արցախի պատմամշակութային հուշարձաններից գրեթե բան չի մնա, եթե  դեմը չառնվի կամ որևէ հստակ մեխանիզմներ չկիրառվեն։  Նա հայտնեց, որ 2020 թվականից  մինչև օրս վանդալիզմի 800 դեպք է արձանգրվել օկուպացված Արցախի Հանրապետությունում, բայց այս թիվը շատ մոտավոր է։

«Մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Նա ասաց, որ Ադրբեջանին զսպելու միակ տարբերակը այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատական գործընթացներն են որպես մշակութային ցեղասպանություն և պատերազմական հանցագործություններ իրականացնողներ։  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախում բռնկված հրդեհները կազմակերպված են և միտումնավոր չեն մարվում. Հովիկ Ավանեսով