Աղմկահարույց հրապարակումներով հայտնի ԵՊՀ պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի խորհրդատուն ԱԲ-ն է. Սարգսյան
Կրթություն, գիտություն
18:49 02/08/2025

Աղմկահարույց հրապարակումներով հայտնի ԵՊՀ պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի խորհրդատուն ԱԲ-ն է. Սարգսյան

«Վերջերս իր աղմկահարույց հրապարակումներով հայտնի դարձած ԵՊՀ պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի՝ Զորավար Սեպուհի անունը կրող վերլուծական կենտրոնի հիմնական «աղբյուրն» ու խորհրդատուն, պարզվում է, ոչ ավել, ոչ պակաս, արհեստական բանականությունն է»,- գրել է Yerkir.am-ի գլխավոր խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը։

Նա նշել է. «Մարդը այսօր հերթական «լուրջ վերլուծությունն» է հրապարակել «Հայաստանի իշխանությունների և եկեղեցու հարաբերություններըի քննական վերլուծություն» թեմայով ու մոռացել է տեքստից մաքրի իր ու իր խորհրդատու ԱԲ-ի միջև երկխոսությունը փաստող տողերը:

Դա ԵՊՀ պրոֆեսորի կոչումը կրողը արել է ավելի ուշ՝ երևի թե չիմանալով, որ խմբագրման պատմության մեջ ամեն ինչ պահպանվում է: Դե, ինչպես ասում են՝ «старость — не радость»:

Ի դեպ, վերջերս Աշոտ Ներսիսյանը սկսեց հանդես գալ մի շարք, այսպես կոչված, գիտական կարծրատիպեր կոտրող մեկնաբանություններով։ Այսպես, նա չստուգված փաստարկների վրա առաջ քաշեց մի տեսություն, թե, իբր, եղել է Աքաստոս անունով մի քուրմ, ով քրիստոնեության ընդունման ժամանակ փրկել է հայոց գրերն ու դրանք փախցրել Սամոսատ։ Իսկ Մեսրոպ Մաշտոցը ոչ թե ստեղծել է հայոց գրերը, այլ վերցրել Աշոտ Ներսիսյանի և նրա կողմից նշվող գոյություն չունեցող քրմապետի փախցրած գրերը։ ԵՊՀ պրոֆեսորը իր մեկնաբանություններից մեկում ավելի հեռուն գնացող «սենսացիոն» բացահայտում արեց և նշեց, որ արամեերեն լեզուն նույն հայերենն է։ Իսկ գուցե նման կարծրատիպային, բայց գիտության հետ որևէ կապ չունեցող մտքերի հուշարարը և՞ս եղել է ChatGPT-ն։

Պարո՛ն պրոֆեսոր, մյուս անգամ ձեր, ներողություն, արհեստական բանականության «վերլուծությունները» իբրև սեփական մտքի արգասիք հրապարակելիս՝ չափազանց ուշադիր եղեք, ի վերջո Մայր բուհի պրոֆեսոր եք հանդես գալիս, ուսանողներ ունեք, վաղն ի՞նչ օրինակ են վերցնելու ձեզանից:

Հ.գ. Աշոտ Ներսիսյանի հետ բանավիճողներն այսուհետ թող մտածեն՝ արժի՞, արդյոք, ժամանակ ծախսել և, ի դեմս ԵՊՀ պրոֆեսորի, բանավիճել արհեստական բանակության հետ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder