Վահագն Խաչատուրյանի և Իրանի փոխնախագահի հանդիպման մասին կողմերը տարբերվող լուրեր են տարածել
Քաղաքական
12:50 05/08/2025
Տարածաշրջան

Վահագն Խաչատուրյանի և Իրանի փոխնախագահի հանդիպման մասին կողմերը տարբերվող լուրեր են տարածել

Վահագն Խաչատուրյանի աշխատակազմից հայտնում են, որ 2025թ. օգոստոսի 4-ին աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող  Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։

«Հանդիպման մեկնարկին կողմերը փոխանակել են ողջույնի խոսքեր և ընդգծել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը, որ հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար»,-ասվում է լուրում։

Հանդիպման վերաբերյալ Իրանից տարածված հաղորդագրությունում ասվում է .««Մենք ողջունում ենք տարածաշրջանում և հարևան երկրների միջև խաղաղության և ամուր կայունության հաստատումը: Հավատում ենք, որ խաղաղությունը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, և մենք կարծում ենք, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության», -ասաց Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին։

Վերահաստատելով Իրանի աջակցությունը բարեկամ պետությունների տարածաշրջանային կազմակերպություններին անդամակցությանը, Արեֆը նշեց, որ Իսլամական Հանրապետությունը աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder