Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առանձին դեպքերով իշխանության վերաբերմունքը ներդրողներին ճիշտ չէ, քայլերի հետևանքներն ազդում են ներդրողների վրա. Իրավաբաններ
«Երբ որևէ ներդրող ցանկանում է ներդրում կատարել որևէ երկրում, ստուգում է այդ երկրի ներդրումային ֆոնը պարզելու համար՝ օրենքները բարենպաստ են, թե ոչ, ուսումնասիրում է դատական պրակտիկան՝ երկիրը օտարերկրյա ներդրումները երաշխավորում է, թե ոչ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արա Ղազարյանը։
Նրա խոսքով, ներդրողները, բնականաբար, ծանոթանում են նաև մասնագիտական գրականությանը, ամսագրերի հոդվածներին ներդողների նկատմամբ վերաբերմունքի, ներդրումային վեճերի ու դրանց լուծումների մասին։
«Բնականաբար, ՀԷՑ-ի գործը բացասական ազդեցություն է ունենալու հեղինակության վրա, շատ մեծ ջանքներ է պահանջվելու համոզելու համար, որ այստեղ բարենապաստ ներդրումային ֆոն կա»,- ասաց իրավաբանը։
Ըստ Ա. Ղազարյանի, առանձին դեպքերով կարող է ասել, որ իշխանության վերաբերմունքը ներդրողներին, ճիշտ չէ։
«Օտարերկյա ներդրումների պակաս չկա այնքանով, որքանով թույլ է տալիս հայաստանյան շուկան, բազմազանությունը։ Առանձին գործերի, որոնց իրավական ասպեկտն ուսումնասիրել եմ, կարող եմ ասել՝ կառավարությունը խախտում է օտարերկյա ներդրումների մասին օրենքը»,- ասաց Արա Ղազարյանը։
Օրեր առաջ տված հարցազրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հիշատակել էր միջազգային ամսագրերից մեկը՝ Global Arbitration Review (GAR)-ը, նշելով, որ Հայաստանն այնտեղ գլխավոր դերերում է հանդես գալիս։
Global Arbitration Review (GAR) պարբերականը միջազգային արբիտրաժի նորությունների, ոլորտի մասնագետների ուսումնասիրությունների, փորձագիտական կարծիքների առաջատար ռեսուրս է, մասնագիտական տեղեկություն է փոխանցում Միջազգային արբիտրաժի, մասնավորապես՝ ներդրումային պայմանագրերի վեճերի վերաբերյալ։
Քերոբյանը մասնավորապես ասել էր. «ՀԷՑ-ում, ցանկացած խոշոր ներդրման մեջ արտաքին կառավարում մտցնելը խոշոր վնաս է Հայաստանի ներդրումային իմիջին։ Ով, ինչ ուզում է, ասի։
Կա հայտնի պարբերական, Global Arbitration Review, Հայաստանն այնտեղ գլխավոր դերերում է հանդես գալիս։ Ինքնին Global Arbitration Review-ում հայտնվելը վատ բան է, բայց արդեն մի քանի դեպք կա՝ Ամուլսարի, «Սանիթեքի», «Էյր Արաբիայի», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի հետ կապված։ Այս բոլոր դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանը ճիշտ չի վերաբերվում ներդրողների հետ»։

Վերջին վառ օրինակներից է ՀԷՑ-ի պետականացման հետ կապված Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը։
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, երբ պետությունն այսօրվա աշխարհում անդամակցում է որևէ միջազգային կառույցի, վավերացնում է կոնվենցիաներ, ստորագրում համաձայնագրեր, ինչպես օրինակ, Կիպրոսի կառավարության հետ կնքված ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայագիրը, Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին նյույորքյան կոնվենցիան, գնում է ինքնիշխանութունից որոշակի սահմանափակումների, ի օգուտ այդ ստանձնած պարտականությունների, զիջում է որոշ իրավունքներ, սկսում կրել պարտավորվածություններ։
«Այդ ռիվյուներով (օրինակ, Global Arbitration Review ամսագրում), ամենայն հավանականությամբ, գնահատական է տրվում և այդ գնահատականն իմ գնահատմամբ, գնալով կոշտանալու է, երբ Հայաստանը բացահայտ կերպով ձեռնպահ մնա արբիտրաժի որոշումների կատարումից, քանի որ դրանով ոչ միայն մեր պետության միջազգային հեղինակությունն են դնում հարվածի տակ, ոչ միայն ահազանգ են հնչեցնում աշխարհի ներդրողներին, որոնք պատրաստվում էին Հայաստանում գործունեություն ծավալել, որ իրենց իրավունքներն այստեղ պաշտպանված չեն, երրորդ ուղերձ-ահազանգը գնում է հենց այդ կառույցներին՝ ի դեմս Արբիտրաժային պալատի, կոնվենցիայի անդամ պետություններին, որ, ըստ էության, միջազգային հսկայական ինստիտուտը, որ ձևավորվել է, կարող է քաղաքական կամարտահայտության համատեքստում ինչ-որ պետության կողմից առ ոչինչ համարվել, անտեսվել։ Այսինքն, իրենք այս որոշումների բացահայտ չկատարմամբ հարվածի տակ են դնում այդ կառույցների հեղինակությունը։ Բնականաբար, այդ կառույցները խնդիր ունեն որոշակի անդրադարձներ կատարել»,- ասաց Գ.Մելոյանը։
Ըստ նրա, այս իշխանությունների՝ իրենց իշխանությունը պահպելու համար արվող քայլերի հետևանքները կրում է մեր պետությունը, հետևանքները մեր ողջ պետության գնահատականն է դառնում միջազգային շրջանակներում, ատյաններում, կառույցներում, ազդում է ներդրողների վրա։
«Միջազգային գործընկերների կողմից այսօրվա իշխանությունն ինչքան էլ դրական վերաբերմունք վայելի, երբ իրենք իրենց գործողություններով այդ կառույցների հեղինակության, հետագա գործունեության հարցն են հարվածի տակ դնում, բնականաբար, նժարին իրենց համար իրենց իրավունքները, շահերն առավելություն են ստանալու՝ ի հաշիվ մեր պետության հեղինակության»,- ասաց Գ.Մելոյանը։